Սեուլի ազգային համալսարանի (Հարավային Կորեա) Բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ ուղեղի հատվածի նեյրոնային ցանցերը՝ դորսոմեդիալ հիպոթալամուս անվանմամբ, կարող են ճնշել քաղցի զգացողությունը։ Հենց դրանք են ակտիվանում նիհարելու դեղեր ընդունելիս, ինչպիսին է օզեմպիկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Գիտնականները բացատրել են, որ նիհարելու դեղամիջոցները եւ նոր սերնդի թերապիաները, ինչպիսին է օզեմպիկը, GLP-1 ռեցեպտորի ագոնիստներն են։ Դրանք գլյուկոնանման պեպտիդ-1-ի (ԳՆՊ-1) անալոգներն են, դա ինկրետին դասի հորմոններից մեկն է, որն արտադրվում է աղիներում սննդի ընդունումից հետո եւ խթանում է ինսուլինի մշակումը։ ԳՆՊ-1-ը կարեւոր դեր է խաղում ուղեղին կուշտ լինելու մասին ազանշաններ հաղորդելու գործում եւ ապահովում է այսպես կոչված նախնական կշտությունը։
Հետազոտությունը ճարպակալում ունեցող մարդկանց մասնակցությամբ ցույց է տվել, որ ախորժակն իջեցնելու մեխանիզմի հիմքում ընկած է նեյրոնային շղթաների ակտիվացումը դորսոմեդիսլ հիպոթալամուսում։ Դա ուղեղի այլ հատվածներից՝ վենտրոմեդիալ միջուկից եւ լատերալ հիպոթալամուսից ստացվող տեղեկատվության մշակման «վերահսկիչ կենտրոնն» է։
Դորսոմեդիալ հիպոթալամուսը ապահովում է արյան ճնշման կարգավորումը, սրտխփոցը, նյութափոխանակությունը եւ ցիրկադային ռիթմերը։ Հենց այս հատվածում են նեյրոնային ցանցերը փոխգործակցում ԳՆՊ-1 ագոնիստների հետ՝ մասնակցելով նախնական կշտության կոդավորմանը եւ քաղցրի ու յուղալի սննդի հակման նվազմանը։
Գիտնականների խոսքով՝ իրենց բացահայտումը կօգնի տեղեկություն ստանալ ԳՆՊ-1 ագոնիստների աշխատանքի մասին։ Գիտական աշխատանքի հեղինակները հուսով են, որ ապագայում հետազոտության արդյունքները կնպաստեն ճարպակալման թերապիայի մեթոդների բարելավմանը։






