Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի գիտնականների վերջին հետազոտությունը հնարավորություն է տվել տրամադրել տեղեկություն, որը կարող է հանգեցնել շատ ցածր քաշ ունեցող նորածինների շրջանում հաճախ հանդիպող ուղեղի ծանր արյունազեղության բուժման նոր եղանակների մշակմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain հանդեսում։

«Ներփորոքային արյունահոսությունը, որը բնութագրվում է ուղեղի ողնուղեղային հեղուկ պարունակող հատվածներում կամ դրա շուրջ արյունազեղությամբ, տեղի է ունենում շատ ցածր քաշ ունեցող նորածինների մոտ մեկ երրորդի շրջանում, և նրանց ողջ մնացածների կեսից ավելին ամբողջ կյանքի ընթացքում ջղաբանական հաշմանդամ են մնում», - պատմում է  Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժնի ղեկավար,  հետազոտության ավագ հեղինակ Քեյվին Ջեյ Սթայլին։

«Վաղածին երեխաների շրջանում ներփորոքային արյունազեղման հանգեցնող գանգուղեղի վնասվածքի պաթոֆիզիոլոգիան անհասկանալի է, այդ է պատճառը, որ արդյունավետ միջամտությունը դժվարագույն խնդիր է դառնում», - նշում է գիտնականը:

Կենդանիների մոդելների հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղի հյուսվածքի փոքրացումը, որին հաջորդում է արյան անոթների ընդլայնումը, ներփորոքային արյունահոսության պաթոֆիզիոլոգիայում կարևոր փուլ է, սակայն ուղեղի հյուսվածքի փոքրացման պատճառն անհայտ է:

Սթայլին և նրա գործընկերները մկների վրա փորձեր են անցկացրել՝ ցույց տալու համար, որ նեյրոնների բջջային թաղանթներում տեղակայված աղի և ջրի որոշ փոխադրիչներ հյուսվածքների կծկման մեջ որոշակի դեր են խաղում ՝ ի պատասխան ուղեղում թթվածնի պակասի:

Այս փոխադրողների ակտիվության փոփոխությունը կանխել է ոչ հասուն նեյրոններում ուղեղի վնասվածքից հետո նեյրոնների փոքրացումը և արյան անոթների ջղաձգումը:

«Մենք բացահայտեցինք, որ ոչ հասուն նեյրոններում արտահայտված աղի և ջրի փոխադրման եզակի համակարգերի պատճառով նեյրոններն ի պատասխան վնասվածքի կծկվում են: Սա հասուն ուղեղի վնասվածքի արձագանքի հակառակն է, որը վնասվածքից հետո ուռչում է: Անհաս նեյրոնների ծավալի կորուստը հանգեցնում է հյուսվածքների տեղային կծկման, որն այնուհետև ձգավնասում է արյունատար անոթները, ինչը կարող է հանգեցնել անոթների  պատռման և ներփորոքային արյունահոսության, պարզաբանում է Սթայլին։ «Մենք կենդանիների մոդելներում ցույց ենք տվել, որ փոխադրողների մանիպուլյացիաները կարող են նվազեցնել ուղեղի վնասվածքի հետևանքները»:

Գիտնականները վերլուծելու են կլինիկական տվյալները՝ գնահատելու համար՝ մկների վրա իրենց փորձերի արդյունքներն արդյո՞ք կիրառելի են նորածինների նկատմամբ: