Կույր մարդկանց երազերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները բավականին անակնկալ եզրահանգման են եկել: Հարցախույզի արդյունքների վերլուծությամբ պարզվել է, որ ի ծնե տեսողությունից զրկված մարդկանց երազների քառորդ մասը մղձավանջ է կազմում: Sleep Medicine ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, տեսնող մարդկանց մոտ ցուցանիշն ընդամենը 6 տոկոսի է հավասար: Ընդ որում, կույրերի մոտ երազները եւս տեսողական բաղադրիչի բացակայությամբ են բնորոշվում. Inquisitr-ի հավաստիացմամբ, նրանց պարագայում խոսքը միայն լսողական, շոշափելիքի, հոտառական եւ համային պատկերների մասին կարող է գնալ:

Գիտահետազոտական խմբի նախաձեռնությամբ իրականացված հարցախույզին 50 կամավորներ են մասնակցել, որոնցից 25-ը՝ նորմալ տեսնող, 11-ը՝ ի ծնե կույր, եւ 14-ը՝ կյանքի ընթացքում տեսողությունը կորցրած մարդիկ:

Ի ծնե կույր հարցվածներից հավաքագրված տվյալներն այն մասին են վկայում, որ նրանց պարագայում մղձավանջը առավելապես կյանքին սպառնացող վտանգով է բնորոշվում: Կյանքի ընթացքում կուրացած մարդիկ երազում կարող են նաեւ տեսողական պատկերներ ունենալ, սակայն դրանց հաճախականությունը նվազում է՝ կախված կուրության տեւողությունից: Մեկ ամսվա ընթացքում մղձավանջային երազների բաժինը նրանց մոտ 7 տոկոս է կազմել:

Գիտնականների համոզմամբ, ստացված տվյալներն ի ծնե կույր մարդկանց հատուկ բարձր էմոցիոնալ զգայունության եւ խոցելիության արտացոլանքն են: Երազատեսությունը, մասնավորապես, մարդու՝ օրվա ընթացքում ի հայտ եկած էմոցիոնալ ապրումների հետ կապ ունի, իսկ կույր մարդիկ, տեսնողների հետ համեմատությամբ, առավել հաճախ են անպաշտպանվածության եւ վտանգի զգացմանը տրվում: