Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի եւ այլ հիվանդությունների երկարատեւ ընթացքի պատճառով առաջացած մկանային հոգնածության վերացման հնարավոր միջոց։

Վարակները եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները առաջ են բերում գլխուղեղի բորբոքում։ Բայց անհայտ պատճառներով ուղեղի բորբոքում ունեցող մարդկանց մոտ հաճախ առաջանում են մկանների հետ կապված խնդիրներ, որոնք, հավանաբար, կախված չեն կենտրոնական նյարդային համակարգից։ Այժմ Սենթ Լուիսի Վաշինգտոնյան համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, թե ինչպես է ուղեղի բորբոքումն ազատ արձակում հատուկ սպիտակուց, որն ուղեղից տեղափոխվում է մկաններ եւ առաջ բերում մկանային ֆունկցիայի խանգարում։

Հետազոտությունը, որն իրականացվել է պտղաճանճերի եւ մկների վրա, հայտնաբերել է նաեւ այդ գործընթացն արգելակելու միջոցներ, ինչը կարող է նշանակություն ունենալ մկանների հյուծումը կանխելու կամ բուժելու համար՝ կապված բորբոքային հիվանդությունների հետ, ներառյալ բակտերիալ վարակները, Ալցհեյմերի հիվանդությունը եւ COVID-ը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Immunology ամսագրում։

«Մենք փորձում ենք հասկանալ խոր մկանային հոգնածության պատճառը, որը կապված է մի քանի տարածված հիվանդությունների հետ,- ասել է հետազոտության ավագ հեղինակ, զարգացման կենսաբանության ամբիոնի դոցենտ Ահարոն Ջոնսոնը։- Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ երբ մենք հիվանդանում ենք, միջնորդ սպիտակուցներն ուղեղից հայտնվում են արյան հոսքի մեջ եւ նվազեցնում էներգիայի մակարդակը կմախքի մկաններում։ Դա պարզապես շարժվելու մոտիվացիայի բացակայություն չէ վատ ինքնազգացողության պատճառով։ Այդ պրոցեսները նվազեցնում են էներգիայի մակարդակը կմախքի մկաններում՝ իջեցնելով շարժվելու եւ նորմալ գործելու ունակությունը»։

Երբ ուղեղը ենթարկվում է այդ հիվանդություններին բնորոշ բորբոքային սպիտակուցների ազդեցությանը, դրանում կուտակվում են վնասակար քիմիական նյութեր, որոնք կոչվում են թթվածնի ռեակտիվ տեսակներ։ Թթվածնի ռեակտիվ ձեւերը ստիպում են ուղեղի բջիջներին մշակել իմունիտետի հետ կապված մոլեկուլ՝ ինտերլեյկին-6 (IL-6), որը տարածվում է ամբողջ օրգանիզմում արյան հոսքի միջոցով։

Հետազոտողները հայտնաբերել են, որ մկների IL-6-ը եւ համապատասխան սպիտակուցը պտղաճանճերի մոտ նվազեցնում են էներգիայի արտադրությունը մկանների միտոխոնդրիաներում։

«Մենք նկատել ենք նման ազդեցություն մկանային ֆունկցիայի վրա, երբ ուղեղը ենթարկվել է բակտերիալ-ասոցիացվող սպիտակուցների եւ Ալցհեյմերի սպիտակուցի՝ բետա ամիլոիդի ազդեցությանը։ Մենք նաեւ տեսնում ենք այն բանի ապացույցը, որ այդ էֆեկտը կարող է դառնալ քրոնիկական։ Անգամ եթե վարակն արագ անցնի, մկանային աշխատունակությունը մեր փորձերում պահպանվում է երկար օրեր»,- նշել է հետազոտության հեղինակը։

Հետազոտությունը մատնանշում է պոտենցիալ թիրախները մկանային թուլության կանխման կամ բուժման համար՝ կապված ուղեղի բորբոքման հետ։ Գիտնականները հայտնաբերել են, որ IL-6-ն ակտիվացնում է այսպես կոչված JAK-STAT-ուղին մկաններում, եւ հենց դա է հանգեցնում միտոխոնդրիաների կողմից էներգիայի արտադրման նվազմանը։

Մի քանի դեղամիջոցներ, որոնք արդեն արժանացել են Սննդանյութերի եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկման վարչության հավանությանը, կարող են արգելակել այդ ուղին։ JAK ինհիբիտորները, ինչպես նաեւ մի քանի մոնոկլոնալ հակամարմիններ IL-6-ի դեմ արժանացել են հավանության արթրիտի եւ այլ բորբոքային հիվանդությունների տարբեր տեսակների բուժման համար։