Ճարպակալումը մեծացնում է օնկոլոգիական հիվանդությունների մի շարք տեսակների առաջացման վտանգը, ուստի միանգամայն տրամաբանական է, որ դեղամիջոցները, որոնք նվազեցնում են մարմնի քաշը, պետք է նվազեցնեն նաև քաղցկեղի այս տեսակների զարգացման հավանականությունը:

Ամերիկացի հետազոտողները փորձել են պարզել, թե քաշը նվազեցնող դեղամիջոցները, որոնք հայտնի են որպես GLP-1 ագոնիստներ,  արդյո՞ք, նվազեցնում են նաև ճարպակալման հետ կապված 13 քաղցկեղից որևէ մեկի առաջացման հավանականությունը: Ուսումնասիրության արդյունքները վերջերս հրապարակվել են JAMA Network Open ամսագրում:

GLP-1-ը հորմոն է, որն արտադրվում է աղիների կողմից ուտելուց հետո և ազդարարում կշտանալու մասին: GLP-1 դեղամիջոցները օրգանիզմին տալիս են սինթետիկ GLP-1, որը շատ ավելի երկար է ազդում, քան բնականից արտադրվող GLP-1-ը: Այս դեղերի վերջին տարբերակներից են Ozempic-ը (օգտագործվում է 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար) և Wegovy-ն (օգտագործվում է քաշը նվազեցնելու համար): Սակայն հետազոտության ընթացքում օգտագործվել են դեղամիջոցների ավելի հին տարբերակները, որոնք են liraglutide-ը (Victoza) և dulaglutide-ը (Trulicity):

Գիտնականները նոր հետազոտության ընթացքում վերլուծել են 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ ավելի քան 1,6 միլիոն մարդու բժշկական գրառումները: Նրանք համեմատել են մարդկանց, որոնց նշանակված էին GLP-1 դեղամիջոցներ, նրանց հետ, որոնք  ինսուլին էին ստանում (2-րդ տիպի շաքարախտի ստանդարտ բուժում):

Պարզվել է, որ մարդկանց մոտ, որոնք 2005-ից 2018 թվականներին ընդունել են որևէ GLP-1 դեղամիջոց, ավելի հազվադեպ է  ախտորոշվել ճարպակալման հետ կապված 13 քաղցկեղից տասը, քան ինսուլին ընդունածների մոտլ:

Քաղցկեղի, այդ թվում՝ լյարդի, ենթաստամոքսային գեղձի, աղիների քաղցկեղի (կոլոռեկտալ քաղցկեղ) և էնդոմետրիայի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալիորեն նվազել է ինսուլինային բուժման համեմատ: Կրծքագեղձի քաղցկեղի, վահանաձև գեղձի և ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը չի նվազել, բայց և չի աճել։ Հետազոտությունը չի հայտնել, թե որքանով է նվազել  քաշը GLP-1 դեղամիջոցներով:

Ուսումնասիրության ընթացքում համեմատվել է նաև քաղցկեղի ռիսկը GLP-1 դեղամիջոցների և շաքարախտի մեկ այլ սովորական դեղամիջոցի՝ մետֆորմինի միջև: Արդյունքները ցույց են տվել, որ GLP-1 դեղամիջոցներն ավելի շատ չեն նվազեցնում քաղցկեղի ռիսկը, քան մետֆորմինը (մետֆորմինը հայտնի է քաղցկեղի ռիսկը նվազեցնող հատկություններով): Իսկ երիկամի քաղցկեղի զարգացման վտանգը, հակառակը, ավելի մեծ է եղել  GLP-1-ի դեպքում՝ համեմատած մետֆորմինի հետ: