Պլաստիկ մասնիկները հայտնաբերված են կենդանի օրգանիզմներում և Երկրի հեռավոր շրջաններում: Թեև չկան ուսումնասիրություններ, որոնք վերջնականապես ապացուցում են, որ պլաստիկը վնասակար է, իմաստ ունի խուսափել դրանից: Դրա մասին գրում է MedicalXpress բժշկագիտական հանդեսը։

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վերլուծել են տասնյակ հետազոտություններ և հանգել են այն եզրակացության, որ միկրոպլաստիկները վնասում են մարդու վերարտադրողական ֆունկցիան։ Դրա ազդեցությամբ են պայմանավորում նաև շնչառական համակարգի, նյութափոխանակության և մարսողության խանգարումները:

Միկրոպլաստիկները հինգ միլիմետրից փոքր պլաստիկ մասնիկներ են: Դրանք շրջակա միջավայր և մարդու մարմին են թափանցում սպասքի, հագուստի և անվադողերի միջոցով։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ միկրոպլաստիկները կարող են օրգանիզմում բորբոքում առաջացնել: Որոշ պլաստիկ նյութեր կարող են նաև արգելափակել մոլեկուլները, որոնք մարմինն արտադրում է օքսիդացումից պաշտպանվելու նպատակով: Ապացուցված է, որ օքսիդատիվ սթրեսը և քրոնիկ բորբոքումները կապված են քաղցկեղի հետ:

Միկրոպլաստիկները վնասում են նաև էնդոկրին համակարգին, որը կարգավորում է մարմնի հարյուրավոր գործառույթներ, ներառյալ՝ տրամադրությունը, քունը, վերարտադրումը և նյութափոխանակությունը: Շատ պլաստիկներ պարունակում են բիսֆենոլ-А նյութ: Այն նման է էստրոգեն հորմոնին, և մարմինը երբեմն շփոթում է այդ երկուսին: Էստրոգենն օգնում է վերահսկել սեռական հասունացումը, դաշտանը և հղիությունը: Բիսֆենոլ-А-ն խանգարում է հորմոնին կատարել իր աշխատանքը: Հետազոտությունները դա կապում են էնդոմետրիոզի, անպտղության, ասթմայի, ճարպակալման և պտղի զարգացման խանգարումների հետ:

Մեկ այլ օրինակ է պլաստմասսայից ստացված ֆտալատները: Դրանք օրգանիզմին խանգարում են տեստոստերոն հորմոն արտադրել։ Սա հատկապես վտանգավոր է սաղմի համար։ Տեստոստերոնը պտղի զարգացման ընթացքում նպաստում է տղամարդկանց վերարտադրողական համակարգի զարգացմանը: Հետևաբար, ֆտալատները միանգամայն ի վիճակի են ազդելու սեռական զարգացման վրա։

«Կարևոր է հիշել, որ այդ ազդեցությունները փոքր են անհատական ​​մակարդակում: Սա նշանակում է, որ ձեր կենսաբանությունն՝ առանց ֆունկցիայի կորստի կարող է հանդուրժել պլաստիկի ազդեցությունը: Կամ գուցե՝ ոչ: Պլաստիկ նյութերը կարող են հիվանդության դրդել մարդկանց, ովքեր արդեն կանգնած էին որևէ օրգանի աշխատանքը խաթարելու եզրին», - պարզաբանում է պրոֆեսոր Թրեյսի Վուդրոֆը:

Գիտնականները խորհուրդ են տվել պետական ​​արգելքներ կամ սահմանափակումներ մշակել: Դրանց արդյունավետությունն ապացուցվել է այլ աղտոտիչների օրինակով: Կան նաև բավականաչափ հետազոտական ​​տվյալներ, որոնք մարդկանց խորհուրդ են տալիս պլաստիկ արտադրանքներից հնարավորինս խուսափել: