Օտագոյի համալսարանի (Նոր Զելանդիա) գիտնականները պարզել են, որ գիշերն ուժային վարժությունների կատարումը հանգստի ընդհատումներով կարող է ավելացնել քնի տեւողությունը՝ չհանգեցնելով խնդիրների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Open Sport & Exercise Medicine ամսագրում։
Գիտնականները հետազոտության մեջ ներգրավել են 18-40 տարեկան 30 չծխող մարդկանց։ Նրանք բոլորը տեղեկացրել են, որ ավելի քան հինգ ժամ նստած են անցկացրել աշխատավայրում եւ մոտ երկու ժամ՝ երեկոյան, տանը։ Մասնակիցներին տվել են ապարանջան-թրեկերներ՝ հետեւելու համար ֆիզիկական ակտիվության եւ քնի մակարդակներին յոթ օրվա ընթացքում։ Եթե մասնակիցները զբաղվել են սպորտի կոնտակտային ձեւերով կամ լողով, թրեկերները պետք էր հանել եւ ֆիքսել մարզումների ժամանակը հատուկ օրագրերում։
Հետազոտության երկրորդ փուլում մասնակիցները կատարել են առաջադրանք լաբորատոր պայմաններում՝ 17.00-17.30-ից մինչեւ 21.00-21.30։ Նրանք այս ժամանակն անցկացրել են նստած դիրքով։ Վեց օր անց փորձարկվողները վերադարձել են ստացիոնար, բայց այս անգամ ժամանակի նշված հատվածը նրանք անցկացրել են ուժային վարժություններ կատարելով (կքանիստ, ոտնաթաթերի վրա կանգնել) յուրաքանչյուր 30 րոպեն մեկ 3-ական րոպե։
Գիտնականները հայտնաբերել են, որ մարզումներից հետո մասնակիցները քնել են միջինը 27 րոպե ավելի երկար, քան այն օրերին, երբ ամբողջ երեկոն նստած են անցկացրել։ Քնելու ժամանակը նման է եղել երեկոյան ֆիզիկական ակտիվության բացակայության եւ առկայության դեպքում։ Ավելին, չեն հայտնաբերվել էական տարբերություններ քնի արդյունավետության մեջ (արթնացումների քանակը գիշերվա ընթացքում)։ Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքները վկայում են երեկոյան մարզումների անվտանգության մասին. ցածր տեւողությամբ եւ ինտեսնիվությամբ պարապմունքները չեն հանգեցրել դժվարությունների՝ քնելու հետ կապված։






