Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ աղիների ռեցեպտորային սպիտակուցը GUCY2C անվանմամբ կարող է կանխել Պարկինսոնի հիվանդության առաջացումը՝ ուղեղը պաշտպանելով ախտահարումներից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են npj Parkinson's Disease-ում (npj PD)։
Գիտնականները բացատրել են, որ Պարկինսոնի հիվանդությունն ուղեկցվում է մկանների ռիգիդությամբ եւ դողով (տրեմոր) ուղեղում դոֆամին քիմիական նյութի կորստի պատճառով։ Այս հիվանդության պատճառներից մեկը որոշ տոքսինների ազդեցությունն է, ինչպիսին են պեստիցիդները։
Նոր հետազոտության շրջանակում գիտնականները կենտրոնացել են GUCY2C սպիտակուցի ուսումնասիրման վրա, որը կարգավորում է ջրի եւ աղերի արտազատումը աղիներում։ GUCY2C-ը նաեւ արտադրվում է գլխուղեղում։ Ավելի վաղ հայտնաբերվել էր, որ այդ սպիտակուցի վերացումը աղիների բջիջներում հանգեցնում է գեների ակտիվացման բարձրացման, որոնք առաջ են բերում Պարկինսոնի հիվանդությունը։ Հետազոտողները նպատակ են դրել պարզելու, թե օրգանիզմի վրա ինչ ազդեցություն է թողնում GUCY2C-ը ուղեղում։
Գիտնականները լիովին հեռացրել են լաբորատոր մկների GUCY2C-ը ուղեղի բջիջներից եւ նրանց ենթարկել տոքսինների ազդեցությանը։ Արդյունքները ցույց են տվել, որ արհեստականորեն GUCY2C-ն նվազեցված կրծողների մոտ եղել են ուղեղի բջիջների ավելի շատ ախտահարումներ այդ սպիտակուցի նորմալ մակարդակ ունեցող մկների համեմատ։ GUCY2C չունեցող կենդանիները նաեւ ավելի ընկալունակ են եղել տոքսինների հանդեպ։
Պարզվել է նաեւ, որ GUCY2C մակարդակը բնականորեն բարձրացել է (տոքսինի) սպառնալիքի դեպքում։ Գիտնականների խոսքով՝ այդ ինքնակարգավորումը մատնանշում է սպիտակուցի՝ նեյրոնների պաշտպանությունն ապահովելու ունակությունը։ Լրացուցիչ հետազոտությունները ցույց են տվել որ Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ GUCY2C-ի խտությունն օրգանիզմում բարձր է եղել։
Գիտնականները նշել են, որ GUCY2C-ին կողմնորոշվելը կարող է դառնալ Պարկինսոնի հիվանդության բուժման հեռանկարյային միջոց։ Այս սպիտակուցի գործելու մեխանիզմն ավելի լավ հասկանալու համար հարկավոր են ավելի երկարատեւ հետազոտություններ։






