Թարթիչների աճի համար նախատեսված շիճուկներում պարունակվող պրոստագլանդին կոչվող միացության անալոգները կարող են աչքերի շուրջ ճարպային հյուսվածքի բարակելու պատճառ դառնալ: Նման փոփոխությունների հետևանքով դեմքի տեսքը վատանում է, իսկ աչքերի տակի մուգ շրջաններն ավելի են ընդգծվում։ Այս մասին The Conversation-ին հայտնել է Լանկաստերի համալսարանի Կլինիկական անատոմիայի ուսումնական կենտրոնի պրոֆեսոր և տնօրեն Ադամ Թեյլորը։
Ըստ պրոֆեսորի, պրոստագլանդին ճարպային նյութ պարունակող թարթիչների աճի շիճուկները շատ արագ տարածում են ձեռք բերել՝ կարճ ժամանակում թարթիչների երկարությունն ու հաստությունը զգալիորեն մեծացնելու ունակության շնորհիվ։ Պրոստագլանդինի այս ազդեցությունը «պատահաբար» հայտնաբերվել է գլաուկոմայի բուժման համար դրա վրա հիմնված դեղամիջոցների օգտագործման ժամանակ: Գիտնականները նկատել են, որ հիվանդները, որոնք օգտագործում էին պրոստագլանդինով աչքի կաթիլներ, ունեին ավելի հաստ, երկար և մուգ թարթիչներ։
Վերջին ժամանակներս թարթիչների աճեցման միջոցների արտադրության մեջ սովորական է դարձել պրոստագլանդինի անալոգների օգտագործումը։ Սակայն այս միացությունները կարող են որոշակի վտանգ ներկայացնել: Թեյլորը պարզաբանել է, որ պրոստագլանդինը և նմանատիպ նյութերը կարող են փոխել ծիածանաթաղանթի գույնը և հանգեցնել աչքի շուրջ ճարպային հյուսվածքի կորստի։ Այս վիճակը կոչվում է պրոստագլանդինի հետ կապված պերիորբիտոպաթիա: Բժիշկը բացատրել է, որ ենթամաշկային ճարպային թաղանթի փխրուն ու բարակ շերտը նպաստում է աչքերի տակ այտուցների և մուգ շրջանների առաջացմանը։






