Մանչեսթրի համալսարանի գիտնականները պարզել են, որ նեյրոլեպտիկները (հակափսիխոտիկ դեղեր), որոնք հաճախ նշանակվում են վարքի ճշգրտման համար դեմենցիայի դեպքում, բարձրացնում են ինսուլտի, թրոմբների առաջացման, ինֆարկտի, սրտային անբավարարության, կոտրվածքների, թոքաբորբի եւ երիկամների սուր ախտահարման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ-ում (British Medical Journal)։
Գիտնականներն ուսումնասիրել են 173 910 փորձարկվողների առողջության եւ ինքնազգացողության մասին տվյալները, որոնց միջին տարիքը 82-ն է։ Հետազոտությունում հաշվի են առնվել նաեւ տվյալները 35 339 պացիենտների մասին, որոնց նշանակել են նեյրոլեպտիկներ ախտորոշման օրը։ Նեյրոլեպտիկները կամ հակափսիխոտիկ դեղերը կարող են վերացնել զառանցանքը, հալյուցինացիաները եւ փսիխոզի այլ դրսեւորումներ։ Կարծիք կա, որ ճիշտ ընտրված նեյրոլեպտիկները թեթեւացնում են դեմենցիայով հիվանդների, զառանցանք եւ ծերունական դելիրիամ ունեցողների խնամքը։
Հայտնաբերվել է, որ նեյրոլեպտիկների ընդունումը հարաբերակցվել է երիկամների սուր ախտահարման հետ 1,7 անգամ ավելի շատ, իսկ ինսուլտն ու երակների թրոմբոէմբոլիան՝ 1,6 անգամ։
Հետազոտողները նաեւ հաշվարկել են, որ բուժման առաջին վեց ամիսներին նեյրոլեպտիկների ընդունումը կապված է եղել թոքաբորբի մեկ լրացուցիչ դեպքի հետ յուրաքանչյուր ինը պացիենտի դեպքում եւ մեկ լրացուցիչ սրտի նոպայի հետ՝ 167 պացիենտի դեպքում։ Բացի այդ, դրանց օգտագործումը հարաբերակցվել է սրտային անբավարարության, ինֆարկտի եւ ընկնելու հետեւանքով կոտրվածքների ավելացման հետ։
Հետազոտողները նշել են, որ իրենց աշխատանքը վերաբերում է օբսերվացիոն տեսակին եւ չի ենթադրում պատճառահետեւանքային կապերի հաստատում։ Նրանց խոսքով՝ արդյունքները կարող են հիմնված լինել որոշակի գործոնների ազդեցության վրա, ինչպիսին է նեյրոլեպտիկների կիրառման դասակարգումը։






