Ամերիկացի բժիշկները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ կանոնավոր ոչ ինվազիվ իմունաքիմիական սկրինինգն ի վիճակի է զգալիորեն նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղից մահացության ռիսկը։

Ստացված տվյալներով՝ այս ախտորոշիչ եղանակը 33%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը և առանձապես արդյունավետ է աղիքի ձախ հատվածում տեղայնացված ուռուցքների ամենատարածված ձևերի նկատմամբ։ Այս արդյունքները ներկայացվել են գիտական  ​​հանրությանը JAMA Network Open բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատության մեջ:

Օհայո նահանգի համալսարանի Չիկե Դուբենիի գլխավորած մի խումբ գիտնականներ լայնածավալ հետազոտություն են անցկացրել՝ վերլուծելով ԱՄՆ 10,7 հազար քաղաքացիների առողջական տվյալները, գրում է Planet Today-ը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հաստ աղիքի քաղցկեղի պատճառով մահերին. 2011-2017 թվականներին մոտ 1000 հիվանդ մահացել է հաստ աղիքի քաղցկեղից:

Հետազոտողները կենտրոնացել են հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների կենսակայունության՝  ոչ ինվազիվ իմունաքիմիական ախտորոշման եղնակների ազդեցության ուսումնասիրության վրա: Այս եղանակները կարող են հայտնաբերել ուռուցքները զարգացման վաղ փուլերում՝ տարբեր կենսաբանական նմուշներում բացահայտելով արյան մանրադիտակային հետքերը կամ քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ի պատառիկները:

Հետազոտության արդյունքները տպավորիչ դուրս եկան. կանոնավոր իմունաքիմիական սքրինինգի ենթարկված մասնակիցներն ունեցել են հաստ աղիքի քաղցկեղից մահվան ռիսկի միջինը 33%-ով նվազում՝ ի տարբերություն նրանց, ովքեր չեն ենթարկվել նման սքրինինգի: Սքրինինգը հատկապես արդյունավետ է եղել հաստ աղիքի և ուղիղ աղիքի ձախ հատվածի ուռուցքների դեպքում. այստեղ մահվան վտանգը նվազել է 42%-ով։

Այս տվյալներն ընդգծում են հաստ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը և ոչ ինվազիվ սկրինինգային եղանակների արդյունավետությունը: Նման թեստերի կանոնավոր կատարումը հնարավոր է դարձնում զգալիորեն բարելավելու հիվանդների հաջող բուժման և կենսակայունության հնարավորությունները: