Քայլի կրճատված երկարությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վաղ ցուցիչ կարող է լինել: Երերուն, «հարբածի» քայլվածքը երբեմն վկայում է օրգանիզմում B12 վիտամինի անբավարարության մասին, իսկ քայլելիս նստատեղի մկանների ցավը ծայրամասային զարկերակային հիվանդության նշան է: Դրա մասին The Conversation պարբերականին պատմել է բժիշկ, Լանքասթերի համալսարանի կլինիկական անատոմիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Ադամ Թեյլորը։

Մասնագետը պարզաբանեց, որ քայլելու համար անհրաժեշտ է, ձեռքերի, կրծքավանդակի, մեջքի, որովայնի, կոնքի և ոտքերի մկանների, ինչպես նաև ուղեղի ներդաշնակվածություն։ Քայլելու արագության և սահունության նվազումը թերևս նեյրոդեգեներատիվ հիվանդությունների վաղ ցուցիչ է: Պարկինսոնի հիվանդության դեպքում, օրինակ, ուղեղից ազդանշանների փոխանցումը դեպի հենաշարժական համակարգ խաթարվում է, ինչի հետևանքով քայլվածքը դառնում է ավելի դանդաղ, ավելի քիչ սիմետրիկ, իսկ քայլի երկարությունն՝ ավելի կարճ: Քանի որ ճանաչողական ունակությունները նվազում են, մարդը սկսում է նաև ավելի հաճախ գայթել:

Նստատեղի կամ սրունքի մկանների ցավը կարող է վկայել ծայրամասային զարկերակային հիվանդության մասին, որը բնութագրվում է վերջույթների մեջ ներթափանցող զարկերակների անոմալ նեղացմամբ: Թեյլորը նշում է, որ քայլելիս մկանների թթվածնի կարիքը մեծանում է։ Սակայն անոթների կծկման պատճառով ոտքեր մտնող արյունը չի կարողանում ապահովել արյան անհրաժեշտ քանակությունը։ Թթվածնի պակասը մկաններում կաթնաթթվի արտադրություն է առաջացնում, որն էլ ցավ է պատճառում։ Երբեմն մկանների թթվածնային քաղցը ջղաձգություն կամ կաղություն կարող է հրահրել:

Քայլելու խանգարման մեկ այլ տեսակ՝ երերունությունը, թերևս վկայում է B12 վիտամինի անբավարության մասին: Այս նյութը կարևոր դեր է խաղում նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի ապահովման գործում։ Բժիշկն ընդգծեց, որ մեծահասակների շրջանում նման ախտանիշի դրսևորումը ամիսներ է տևում, մինչդեռ երեխաների շրջանում B12-ի անբավարարության դեպքում քայլելիս հավասարակշռությանն առնչվող խնդիրները շատ ավելի կարճ ժամանակում կարող են զարգանալ։