Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ գոտևորող որքինի դեմ պատվաստանյութը կարող է 25%-ով նվազեցնել դեմենցիայի զարգացման հավանականությունը։ Ամենայն հավանականությամբ, այս ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ պատվաստանյութը նվազեցնում է ուղեղին վնասող բորբոքումն օրգանիզմում: Արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկան և բարձր ավելի քան 200 հազար հիվանդ։ Իրենց բժշկական գրառումները վերլուծելուց հետո հետազոտողները պարզեցին, որ այն անձինք, որոնք նախկինում պատվաստվել էին գոտևորող որքինի դեմ, դեմենցիայի զարգացման հավանականությունը պակաս էր մեկ քառորդով` համեմատած նրանց հետ, ովքեր չէին դիմել մաշկային հիվանդությունից պաշտպանվելու այս եղանակին:
Գոտևորող որքինը վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է ջրծաղիկով հիվանդացած մարդկանց մոտ: Ջրծաղիկից հետո վիրուսը կարող է երկար ժամանակ մնալ օրգանիզմում և հետագայում հանգեցնել որքինի զարգացմանը։ Այն ուղեկցվում է ցավոտ ցանով և կարող է լուրջ հետևանքներ ունենալ հատկապես տարեց մարդկանց մոտ։
Հետազոտողները ենթադրել են, որ որքինի դեմ պատվաստանյութը կարող է նվազեցնել դեմենցիայի վտանգը՝ նվազեցնելով օրգանիզմում առկա բորբոքումը: Քրոնիկ բորբոքումը համարվում է բազմաթիվ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոններից մեկը։
Գիտնականներն ընդգծել են, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս որքինի դեմ պատվաստանյութի կիրառման և ճանաչողական խանգարումների զարգացման ռիսկի նվազեցման միջև առկա կապը։ Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ մեխանիզմներ են ընկած բարենպաստ այս ազդեցության հիմքում:






