Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները 2021 թվականի նոյեմբերին ներկայացրել են արագ շարժվող «պարող մոլեկուլներով» կիրառվող նոր ներարկման թերապիա՝ հյուսվածքները վերականգնելու և ողնուղեղի ծանր վնասվածքներից հետո կաթվածը վերականգնելու համար:

Իսկ այժմ նույն հետազոտական ​​թիմը կիրառել է թերապևտիկ մարտավարություն մարդու աճառի վնասված բջիջների նկատմամբ:

Նոր հետազոտության ընթացքում բուժումը ակտիվացրել է աճառի վերականգնման համար անհրաժեշտ գեների էքսպրեսիան ընդամենը չորս ժամում: Եվ ընդամենը երեք օր անց մարդկային բջիջները աճառի վերականգնման համար անհրաժեշտ սպիտակուցային բաղադրիչներ են արտադրել։

Հետազոտողները միաժամանակ պարզել են, որ մոլեկուլների քանակի աճին զուգընթաց մեծանում է նաև բուժման արդյունավետությունը։ Այլ կերպ ասած, աճառի աճի գործընթացը խթանելու համար մոլեկուլների «պարային» շարժումները վճռորոշ նշանակություն են ունեցել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Chemical Society բժշկագիտական հանդեսում։

Նոր հետազոտության ժամանակ գիտնականներն ուշադրությունն են դարձրել աճառի ձևավորման և պահպանման համար կարևոր նշանակություն ունեցող առանձնահատուկ սպիտակուցի ընկալիչներին: Այս ընկալիչին թիրախավորելու համար թիմը մշակել է սպիտակուցի կենսաբանական ակտիվ ազդանշանը նմանակող նոր շրջանաձև պեպտիդ (օրգանական նյութեր, կազմված են պեպտիդային կապերով իրար միացած ամինաթթվային մնացորդներից), որը կոչվում է բետա-1 (TGFb-1) փոխակերպող աճի գործոն:

Հետազոտողներն այնուհետև այս պեպտիդը ներառել են ջրի մեջ գերմոլեկուլային պոլիմերների ձևավորումը փոխազդող երկու տարբեր մոլեկուլների մեջ, որոնցից յուրաքանչյուրն օժտված է TGFb-1-ը նմանակելու միևնույն ունակությամբ:

Նրանք մշակել են հատուկ կառուցվածքով մեկ գերմոլեկուլային պոլիմեր, որը հնարավորություն է տալիս նրա մոլեկուլներին խոշոր ագրեգատների մեջ ավելի ազատ տեղաշարժվել: Մեկ այլ գերմոլեկուլային պոլիմերը, սակայն, սահմանափակել է մոլեկուլների շարժումը։

«Մենք ցանկանում էինք փոխել կառուցվածքը՝ համեմատելու համար իրենց շարժունակության աստիճանով տարբերվող երկու համակարգերը: Նրանցից մեկի գերմոլեկուլային շարժման ինտենսիվությունը շատ ավելի բարձր է, քան մյուսում»,- նշել են հետազոտության հեղինակները։

Թեև երկու պոլիմերներն էլ նմանակում էին TGFb-1 ընկալիչն ակտիվացնող ազդանշանը,   արագ շարժվող պոլիմերը շատ ավելի արդյունավետ էր: Որոշ առումներով դրանք նույնիսկ ավելի արդյունավետ էին, քան բնության մեջ TGFb-1 ընկալիչն ակտիվացնող սպիտակուցը:

Թիմը ներկայում փորձարկում է այս համակարգերը կենդանիների հետազոտություններում և գերակտիվ թերապևտիկ միջոցներ ստեղծելու համար լրացուցիչ ազդանշաններ է ավելացնում:

«Հաշվի առնելով մարդու աճառային բջիջների հետազոտության հաջողությունը, կանխատեսում ենք, որ աճառի վերականգնումը զգալիորեն կուժեղանա, երբ կիրառվի նախակլինիկական տրանսլյացիոն մոդելներում: Հոդերի աճառային հյուսվածքի վերականգնման համար այն պետք է վերածվի նոր կենսաակտիվ նյութի»,- գրում են հետազոտողները։