ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սիրելիների կորուստը արագացնում է ԴՆԹ-ի մեթիլացման մեխանիզմի վրա հիմնված էպիգենետիկ ժամացույցը՝ դրանով իսկ նպաստելով կենսաբանական ծերացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open գիտաբժշկական հանդեսում:

Գիտնականները վերլուծել են Ազգային երկարաժամկետ հետազոտության՝ Add Health-ի տվյալները: Գիտաձորձին մասնակցել է 1994-1995 թվականներին հարցման միջոցով հրավիրված 12 հազար 300 մարդ։ Առաջին փուլում, երբ մասնակիցների մեծ մասը դպրոցական էր, գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների առողջության մասին և խնդրել նրանց նշել՝ արդյոք պատահե՞լ է վերապրել սիրելի մարդու մահը: Բացի դրանից, որոշ լաբորատոր հետազոտության համար կամավորներից արյան նմուշներ են վերցվել:

Նշվում է, որ հետազոտության սկզբից մինչև 2016-2018 թվականները գիտափորձը կրկնվել է ևս չորս անգամ։ Այս ընթացքում մոտ չորս հազար մարդ հայտնել է, որ կորցրել է ընտանիքի անդամներից մեկին, ամուսնուն կամ ընկերոջը։

2018- 2024 թվականներին գիտնականները քարտեզագրել են էպիգենետիկ պրոֆիլները և կենսաբանական տարիքային ժամացույցներ սահմանել՝ կիրառելով արյան թեստեր: Տվյալների վերլուծության համար օգտագործվել է գծային ռեգրեսիոն մոդել՝ կորուստների քանակի և կենսաբանական տարիքի չափումների միջև կապը կանխատեսելու համար, միաժամանակ վերահսկելով տարբեր փոփոխականներ, մասնավորապես՝ էթնիկ պատկանելությունը, սեռը, հարստությունը, ընտանիքի չափը, կրթությունը և գիտափորձի մասնակցի և մահացած անձի միջև փոխհարաբերությունների տեսակը:

Արդյունքները ցույց են տվել, որ 33-44 տարեկան կամավորների շրջանում կորուստները նշանակում են ավելի մեծ կենսաբանական տարիք, որը չափվում է էպիգենետիկ ժամացույցով, ինչպես նաև արագացված ծերացում: Միևնույն ժամանակ, որքան շատ կորուստ է վերապրել մարդը, այնքան բարձր է այդ ցուցանիշը։

Մեթիլացման բնականոն շրւջափուլի խախտումը մեծացնում է բազմաթիվ հիվանդությունների և հոգեկան խանգարումների զարգացման վտանգը։ Հենց ԴՆԹ-ի մեթիլացիայի հիման վրա կարելի է նաև գնահատել կենսաբանական ծերացման արագությունը՝ մարմնի «հյուծման» աստիճանը։

Գիտնականները դեռ չեն կարող բացատրել՝ հատկապես ինչն է որոշում ԴՆԹ-ի մեթիլացման և սիրելի մարդու կորստի միջև կապը: Չի բացառվում, որ այս հարաբերակցության հիմքում  հուզական սթրեսի ազդեցությունն է:

Գիտնականները պարզաբանել են, որ կենսաբանական ծերացման արագացումը պայմանավորված է ԴՆԹ-ի մեթիլացմամբ՝ գենետիկ կոդի վրա ազդեցություն չունեցող մակրոմոլեկուլի քիմիական փոփոխությամբ: