«Պետական պատվերի շրջանակում պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով (օֆերտա) փոխհատուցվող ծրագրերի /միջոցառումների /ենթամիջոցառումների փորձարարական եղանակով մինչև տարեվերջ շարունակելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը գտնվում է վարչապետի աշխատակազմում»: Այսպիսի գրություն է ստացել Առողջապահության նախարարությունից «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ-ն ի պատասխան ՀՀ վարչապետին հասցեագրված հարցմանը, թե կշարունակվի՞ արդյոք գումարի չսահմանափակման սկզբունքով գործող պիլոտային ծրագիրը, որն ընդունվել էր 2023-ի վերջին։

Հիշեցնենք, որ այս պիլոտային ծրագիրն ընդունվել էր վեց ամսով, և դրա ժամկետն ավարտվել է հունիսի վերջին։ Այսօր արդեն հուլիսի 30-նն է, իսկ կառավարության որոշում այս հարցով առայժմ չկա։ Հետաքրքիր է, այդ դեպքում ինչպե՞ս են բուժհիմնարկները փոխհատուցում ստանալու հուլիս ամսվա համար։

Մասնագետների կարծիքով, այս ծրագիրն ի սկզբանե խնդրահարույց էր, քանի որ, ըստ նրանց հաշվարկների՝ այն բյուջեն, որը հատկացվել էր առողջապահությանը, չէր կարող բավարարել չսահմանափակման սկզբունքով պետպատվեր մատուցելու համար։ Խնդիրներն սկսեցին ծագել արդեն գարնանը, երբ պետպատվերով որոշ ծառայությունների համար սկսեցին հերթագրումներ իրականացնել, ինչպես դա արվում էր նախկինում, երբ բուժհաստատություններն ունեին սահմանափակ բյուջե։ Առողջապահության նախարարությունը պարտքեր կուտակեց բուժհաստատություններին և հավելյալ 3 միլիարդ դրամ ուզեց կառավարությունից, վարչապետն էլ բողոքեց, «թե ո՞նց է լինում, որ անընդհատ ավելացնում ենք, և պարզվում է՝ չի հերիքում»։

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն այս ընթացքում մի քանի անգամ Ազգային ժողովում դիմեց ԱՆ պաշտոնյաներին՝ պնդելով, որ այն ինչ ԱՆ-ն իրականացնում է այժմ, չի կարող կոչվել օֆերտա, քանի որ օֆերտան ենթադրում է, որ ցանկացած բուժառու կարող է դիմել ցանկացած բուժկենտրոն, և սպասարկվել այնտեղ։ Այնինչ մարդիկ մերժում են ստանում, քանի որ որոշ բուժհաստատություններ ուղղակի չունեն պետպատվեր որոշակի ծառայությունների մասով, կամ ունենալու դեպքում էլ այս պահին խուսափում են այդ ծառայությունները մատուցել, քանի որ Առողջապահության նախարարությունն ամբողջությամբ չի փոխհատուցում կատարած ծառայությունների դիմաց։ Անցած վեց ամիսներին ԲԿ-ները ֆինանսավորում են ստացել կատարողականի 80-90 տոկոսի չափով, ինչի հետեւանքով պետությունը հիվանդանոցներին խոշոր պարտքեր է կուտակել։

«Առողջության իրավունք» ՀԿ-ին տրամադրած ԱՆ տեղեկանքի համաձայն հուլիսի 15-ի դրությամբ ԱՆ-ն բուժհաստատություններին մոտ 3.5 մլրդ դրամ է պարտք։ Հայտնի է, որ որոշ բուժկենտրոններում այս ընթացքում աշխատավարձի զգալի ուշացումներ են եղել։

Նախկինում` սահմանափակ բյուջեով ֆինանսավորման դեպքում, ԲԿ-ները գիտեին իրենց ամսական սահմանաչափը, չէին գերազանցում դա։ Այժմ ներքին կարգով նրանց հրահանգվել է հիմք ընդունել նախորդ տարվա ամսական սահմանաչափերը, և այդ շեմին մոտենալու դեպքում հերթագրումներ անել։ Ինչը և այժմ անում են բուժհիմնարկները, կամ էլ առաջարկում են մարդկանց ստանալ վճարովի ծառայություններ, բայց անհասկանալի է, արդյոք այդ լուծումն օրինակա՞ն է օֆերտայի պայմանագրի դեպքում, թե՞ ոչ։