1997-2001 թվականներին ծնվածների դեռահասության շրջանում դեպրեսիվ ախտանիշների աճը կարող է պահպանվել երիտասարդ հասուն տարիքում, ընդ որում նրանց դեպրեսիվ ախտանիշների մակարդակն ավելի բարձր է, քան նախորդ խմբերում, ասված է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open հանդեսում:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանին առընթեր Մեյլմանի հանրային առողջության դպրոցից դոկտոր Քեթրին Քիզը և նրա գործընկերները գնահատել են՝ որքանով է  պահպանվում դեռահասներին բնորոշ դեպրեսիվ ախտանիշների աճը ծնունդների վերջին խմբերի հասուն երիտասարդների շրջանում:

Վերլուծությունը ներառում էր «Ապագայի մոնիտորինգ»-ի՝ 1990-2019 թվականների ընթացքում անցկացված հետազոտության՝ 1972-2001 թվականներին ծնված 36 հազար 552 մասնակիցների տվյալները:

Հետազոտողները պարզել են, որ կանանց շրջանում 1997-2001 թվականների ծնված խմբի 19,1%-ը 18 տարեկանում բարձր դեպրեսիվ ախտանշաններ է ունեցել, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ցանկացած նախորդ ծննդյան խմբի շրջանում:

Դեպրեսիվ ախտանիշների տարածվածությունը նվազել է մինչև 21-22 տարեկան, բայց դեռևս ավելի բարձր է մնացել, քան նախորդ խմբերի հասակակիցների շրջանում:

Տղամարդկանց շրջանում 1997-2001 թվականներին ծնվածների խմբի 13,4%-ը 18 տարեկանում ունեցել է դեպրեսիվ ախտանիշների բարձր մակարդակ, և այս տարածվածությունն աճել է երիտասարդ հասուն տարիքում:

Բազային դեպրեսիվ ախտանիշների բարձր մակարդակ ունեցող տղամարդկանց շրջանում 19-20 տարեկանում ախտանշաններ առաջանալու հավանականությունը 10 անգամ ավելի մեծ է եղել, իսկ 21-22 տարեկանում` վեց անգամ: Նմանատիպ արդյունքներ են գրանցվել կանանց շրջանում: Ախտանիշներն ինն անգամ ավելի հաճախ են ի հայտ գալիս 19-20 տարեկանում, իսկ 21-22 տարեկանում հավանաբար յոթ անգամ ավելի հաճախ են ի հայտ գալու:

«Սույն հետազոտության արդյունքներն ընդգծում են դեռահասության շրջանում առաջնային կանխարգելման և հոգեկան առողջության ռեսուրսների անհրաժեշտությունը», - նշել են հետազոտության հեղինակները: