Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի քանի տարի առաջ խաղերից կախվածությունը նույնիսկ հիվանդություն էր ճանաչել: Սակայն գիտական հանրությունը զգույշ է իր գնահատականներում՝ նշելով, որ հոգեկան վիճակի վրա դրա ազդեցությունը դեռ ամբողջությամբ չի հետազոտվել:
Ճապոնիայից մոտ 100 հազար գեյմերների տվյալներն ընդգրկած նոր հետազոտությունը պատասխանել է այս հարցին, գրում է Nature Human Behavior հանդեսը։
ԱՀԿ-ի կողմից խաղերից կախվածությունը որպես հիվանդություն դասակարգելը խորացրել է տեսախաղերի նկատմամբ բացասական ընկալումները: Սակայն կորոնավիրուսային համավարակի ընթացքում խաղերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ, քանի որ դրանք օգնեցին պահպանել սոցիալական հեռավորությունը, հայտնում է 24tv-ն։
Երբ խաղացողների ընդհանուր թիվը գերազանցում է երեք միլիարդը, խաղերի վրա ծախսվող ժամանակն ավելացել է: Սակայն հոգեկանի վրա դրանց ազդեցության ապացույցները դեռևս միանշանակ չեն:
Ճապոնացի գիտնականներն այլ մոտեցում են ցուցաբերել՝ կատարելով գիտափորձ, որն իրական կյանքում առավելագույնս համապատասխանում է խաղացողների վարքին: 2019-2022 թվականների ընթացքում նրանք դիտարկել են վիճակախաղ, որի մասնակիցները կարող էին շահել երկու հայտնի խաղային կցորդներից մեկը ձեռք բերելու իրավունքը:
Այս սարքավորումների պակասի պատճառով վաճառողները խաղարկություններ են անցկացրել, ինչը հեշտացրել է մասնակիցների միջև կցորդների պատահական բաշխումը:
Հետազոտողները տվյալները վերլուծելու և պատճառահետևանքային կապերը բացահայտելու համար օգտվել են այս յուրահատուկ իրավիճակից:
Փորձին մասնակցել է 97 հազար 602 մարդ, որից վիճակախաղին մասնակցել է 8192-ը։ Մասնակիցները տարբեր տարիքի էին՝ 10-69 տարեկան։
Հետազոտության տվյալները վերլուծելու համար օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները՝ գիտնականները պարզել են, որ թեև տեսախաղերի և առողջության վրա բացասական ազդեցությունների միջև համահարաբերակցություն կա, սակայն դա այնքան փոքր է, որ կարելի է միանգամայն անտեսել:
Միևնույն ժամանակ, խաղերի դրական ազդեցությունը հոգեկանի վրա շոշափելի էր. խաղային կցորդից օգտվելը բարելավում էր հոգեկան վիճակը: Ինքնազգացողության բարելավում է նկատվել ինչպես խաղային շահելուց, այնպես էլ խաղալու գործընթացից։
Խաղային կցորդի ձեռբերումը հանգեցնում էր նրան, որ մարդիկ խաղալու վրա ավելի շատ ժամանակ էին անցկացնում և ավելի գոհ էին կյանքից, ինչպես նաև ավելի քիչ հոգեբանական սթրեսներ էին ենթարկվում:
Ընդսմին, օրական երեք ժամից ավելի խաղալը նվազեցնում էր դրական ազդեցությունը:






