Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Nature ամսագրում, Սթենֆորդի եւ Յելի համալսարանների հետազոտողներն ուսումնասիրել են կենդանիների կարճատեւ եւ երկարատեւ հիշողության միջեւ փոխադարձ կապը։
Միջատների հիշողությունը վերահսկվում է մի կառույցով, որը հայտնի է որպես սնկակերպ մարմին, նման է կաթնասունների հիպոկամպին։ Հետազոտողները ցանկացել են հասկանալ, թե ինչպես են նախկինում գոյություն ունեցած բնածին ռեակցիաները գրգռիչների դեմ ազդում նոր ասոցիացիաների յուրացման վրա, եւ ինչպես են այդ հիշողությունները ձեւավորվում եւ պահպանվում ժամանակի ընթացքում։
Գիտնականները կենտրոնացել են դրոզոֆիլայի (պտղաճանճ) ուղեղի վրա։ Օգտագործելով փորձնական վիզուալացման եւ համակարգչային մոդելավորման մեթոդների համադրությունը՝ հետազոտողները հետեւել են դրանց նեյրոնային ակտիվությանը, երբ դրանք ենթարկվել են հոտառության ասոցիատիվ փորձի։
Դոֆամինի արտածումը կապված է հաճելի ապրումների հետ, որոնք ամրապնդում են հիշողությունն այդ փորձի մասին։ Ըստ էության, դոֆամինը գործում է որպես ազդանշան այն մասին, որ տեղի է ունեցել մի ինչ-որ լավ բան, ինչը հեշտացնում է այն հիշելը։ Դա օգնում է կոդավորել նոր հիշողությունները եւ ամրացնել վարքի մոդելի յուրացումը՝ կարեւոր դեր խաղալով կարճատեւ եւ երկարատեւ հիշողության ձեւավորման հարցում։ Դա նաեւ նպաստում է տեղեկությունը պահելուն եւ հեռացնելուն՝ կայունացնելով հիշողությունները ժամանակի ընթացքում։ Գիտնականները կարծում են, որ դոֆամինային նեյրոնները պտղաճանճի ուղեղում ինտեգրում են բնածին ռեակցիաների եւ ձեռք բերած փորձի տեղեկությունը սենսորային ազդակների հետ։
Այլ խոսքով՝ դոֆամինը օգնում է մշակել եւ միացնել տեղեկությունը, որն ստացվել է երկու աղբյուրներից՝ ազդելով այն բանի վրա, թե ինչպես է ուղեղն արձագանքում սենսորային ազդակներին։






