Տարեցները երիտասարդներից ոչ պակաս մտապահում են երաժշտությունը, սակայն նրանց ուղեղի որոշ մասեր պետք է ավելի ջանասիրաբար աշխատեն՝ փոխհատուցելու համար մյուսների վատթարացումը: Դրա մասին է վկայել Nature Communications Biology հանդեսում հրապարակված հետազոտությունը։

Փորձի ընթացքում 76 կամավորներ ուղեղի սկանավորում են կատարել՝ Յոհան Բախի ստեղծագործություններն ունկնդրելիս։ Երբ նրանք երկրորդ անգամ են ունկնդրել մեղեդին, տարեց մարդկանց ուղեղի զգայական հատվածների համար պատասխանատու գոտիներն ավելի ակտիվ են եղել, քան երիտասարդներինը: Մյուս կողմից՝ հիշողությանն առնչվող ոլորտները նվազ ակտիվ էին: Միաժամանակ, տարեցներն, ընդհանուր առմամբ, մեղեդին երիտասարդներից պակաս չէին մտապահում։

«Սա ենթադրում է, որ ուղեղի զգայական տարածքներն ավելի շատ են աշխատում տարեցների շրջանում, որպեսզի փոխհատուցեն հիշողության ձևավորման մեջ ներգրավված ոլորտների արձագանքի նվազեցումը»,-պարզաբանել են գիտնականները:

Հետազոտությունն ընդգծում է, որ ծերացումն ավելին է, քան պարզապես ուղեղի գործառույթի անկումը: Օրգանը կարող է հարմարվել որոշ ոլորտների նվազ  արդյունավետությանը, մյուսներին հարկադրելով ավելի ջանասիրաբար աշխատել:

Երկարաժամկետ հեռանկարում աշխատանքը կօգնի ավելի լավ հասկանալ դեմենցիայի փոփոխությունները: Գիտնականները մտադիր են հետազոտության նոր փուլում  հիշողության թեթև խափանումով մարդկանց ընդգրկել։