Չոր աչքի համախտանիշը ապաքինելիս ծիծաղը նույնքան արդյունավետ կարող է լինել, որքան ակնաբույժի նշանակած աչքի կաթիլները: Դա ցույց են տվել BMJ գիտաբժշկական հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները։
Ավելի վաղ ապացուցվել է, որ ծիծաղի թերապիան մեղմացնում է դեպրեսիայի, անհանգստության, սթրեսի և խրոնիկական ցավի ախտանիշները: Չինաստանի և Մեծ Բրիտանիայի գիտնականները նոր հետազոտության մեջ որոշել են գնահատել ծիծաղի թերապիայի արդյունավետությունն ու անվտանգությունը չոր աչքի համախտանիշով հիվանդների շրջանում: Չոր աչքի համախտանիշը խրոնիկական հիվանդություն է, որից ամբողջ աշխարհում շուրջ 360 միլիոն մարդ է տառապում: Ախտանիշները ներառում են անհարմարավետություն, կարմրություն, աչքերի չորություն և գրգռում:
Փորձարկումանը մասնակցել է 18-45 տարեկան 283 հիվանդ, որոնց 74%-ը՝ կանայք: Նրանց մի մասին պատահականության սկզբունքով նշանակել են ծիծաղի թերապիա իսկ մյուս մասին՝ հիալուրոնաթթվի աչքի կաթիլներ: Առաջին խմբում մասնակիցներին խնդրել են իրենց ծիծաղեցնող արտահայտություններ անել:
Ութ շաբաթ անց չոր աչքի միջին միավորը ծիծաղի թերապիայի խմբում իջել է 10,5 միավորով, իսկ աչքի կաթիլներ ստացած խմբում՝ 8,83 միավորով: Արդյունքները ցույց են տալիս, որ ծիծաղի վարժությունները նույնքան արդյունավետ են եղել, որքան աչքի կաթիլները: Բացի դրանից, ծիծաղի թերապիան բարելավել է հիվանդների արցունքների հատկությունները. դրանք սկսել են ավելի արագ արտաթորվել և ավելի երկար չեն գոլորշիացել: Խմբերից ոչ մեկում ոչ մի կողմնակի ազդեցություն չի գրանցվել, ինչը ապացուցում է թերապիայի անվտանգությունը:






