Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ նիհարելու համար հայտնի «Օզեմպիկ» դեղամիջոցն ի վիճակի է կանխել ցիռոզի հանգեցնող լյարդի ճարպակալման զարգացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Internal Medicine հանդեսում:
Գիտնականները պարզաբանել են, որ առողջ լյարդում ճարպի քանակը չպետք է գերազանցի ընդհանուր քաշի 5%-ը։ Ավելի բարձր ցուցանիշները վկայում են մարդուն լյարդի ցիռոզի և քաղցկեղի վտանգի ենթարկող և փոխպատվաստման անհրաժեշտություն առաջացնող օրգանի ճարպակալման մասին:
Ճարպակալումն ու շաքարախտը լյարդի ճարպային հիվանդության զարգացման հիմնական ռիսկային գործոններն են։ Նոր հետազոտության ընթացքում գիտնականները որոշել են պարզել՝ արդյոք «Օզեմպիկ»-ը, որը հատուկ նախագծված է այս հիվանդությունների դեմ պայքարելու համար, ի վիճակի է արդյոք պաշտպանել լյարդի ճարպային հեպատոզից և ցիռոզից:
Դրա համար նրանք վերլուծել են Վիրջինիայի հիվանդանոցներին ամրակցված շաքարախտից տառապող 32 հազար կամավորների առողջական տվյալները: Մասնակիցների նկատմամբ հսկողություն են սահմանել 2006-2022 թվականներին:
Հետազոտողները պարզել են, որ ցիռոզի հանգեցնող լյարդի ճարպային հիվանդության առաջացման ռիսկը «Օզեմպիկ» դեղամիջոցն ու նրա նմանօրինակները (GLP-1 ագոնիստներ) ընդունող հիվանդների շրջանում 14%-ով ավելի ցածր է, քան շաքարախտի դեմ այլ դեղամիջոցներ ընդունողների շրջանում:
Հետազոտության ընթացքում GLP-1 ընդունողների շրջանում առողջության վիճակի վատթարացման պատճառով մահանալու հավանականությունը ևս նվազել է 11%-ով:
Գիտնականները նշել են, որ «Օզեմպիկ» դեղամիջոցի պաշտպանիչ ազդեցությունն ի հայտ է եկել բուժման մեկնարկից 18-24 ամիս անց։ Նրանց համոզմամբ՝ արյան շաքարի մակարդակի իջեցումն ու օրգանիզմում բորբոքումների կանխարգելումը հանդես են գալիս իբրև հիմնական մեխանիզմներ, որոնք ընկած են դեղամիջոցի բարերար ազդեցության հիմքում։






