Լունդի համալսարանի շվեդ գիտնականները քաղցկեղի ուռուցքները պաշտպանող պատնեշից զրկելու միջոց են հայտնաբերել, ինչը քաղցկեղային ուռուցքներին հնարավորություն չի տալիս ոչնչացնել օրգանիզմի իմունային համակարգը:
Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական հանդեսում։
Նոր մոտեցումը ներառում է քաղցկեղի բջիջների վերածրագրավորում cDC1 իմունային բջիջների, որոնք քայքայում են ուռուցքի շուրջ գտնվող վահանը և իմունային T բջիջներին հնարավորություն են տալիս վերացնել վնասված հյուսվածքները:
Հետազոտողները հայտնաբերել են կենսահամադրության երեք գործոն, որոնք կարող են օգտագործվել այլ բջիջների տեսակները cDC1 բջիջների փոխակերպելու համար, այնուհետև այդ բջիջներից գենետիկական հաջորդականությունները ներմուծել են վիրուսի մեջ՝ վերածրագրավորված բջիջներն ուռուցքային պատնեշից անդին տեղափոխելու համար:
Թիմը փորձարկել է իր վերածրագրավորված բջիջները՝ դրանք Պետրիի ափսեում ներմուծելով ուռուցքային հյուսվածքի մեջ:
Ի դեպ, նշենք, որ Պետրիի ափսեն գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիր Ռոբերտ Կոխի օգնական Յուլիուս Ռիխարդ Պետրիի՝ 1877 թվականին հայտնաբերած և առ այսօր մանրէաբանության և քիմիայի մեջ լայնորեն օգտագործվող ցածր հարթ գլանով թափանցիկ լաբորատոր անոթ է։
Գիտնականները կրկնել են մկների վրա կատարված փորձերը, սակայն երկրորդ փորձարկման ժամանակ կրծողներին միաժամանակ ուռուցքային բջիջների տարածումը առհասարակ կասեցնող իմունոթերապիայի դեղամիջոցներ են տվել։
Հետազոտողները նաև պարզել են, որ բուժումը մեծացրել է մկներին ուռուցքային բջիջների ներխուժումից ապագայում պաշտպանող T բջիջների քանակը:
Պարզելու համար, թե արդյոք նրանց մոտեցումը կարող է արդյունավետ լինել մարդկանց օրգանիզմում, հետազոտական թիմն այն փորձարկել է լաբորատորիայում մարդկային բջիջների վրա և բացահայտել, որ այդ եղանակը նույնքան արդյունավետ է:
Գիտնականները հուսով են, որ իրենց մոտեցումը հնարավորություն կտա աննախադեպ ճեղքում անել քաղցկեղի բուժման ասպարեզում:






