Նոր ազգային հաշվետվության համաձայն՝ ալկոհոլի մեծ քանակությամբ օգտագործումը բարձրացնում է քաղցկեղի վեց տեսակների առաջացման վտանգը, գրել է Every day Health-ը։
2019թ. քաղցկեղի 19 դեպքերից մոտ 1-ը կապված է եղել ալկոհոլի օգտագործման հետ, սակայն ամերիկացիների ավելի քան 50 տոկոսը չգիտի, որ ալկոհոլը կարող է բարձրացնել քաղցկեղի որոշակի տեսակների առաջացման վտանգը, բացատրել է բժշկական գիտությունների դոկտոր, Ուոլթեմի (Մասաչուսեթսի նահանգ) Mass General Cancer Center-ի բժշկական տնօրեն Էմի Քոմանդերը։
Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի (AACR) նոր հաշվետվությունում ալկոհոլի օգտագործումն անվանվել է քաղցկեղի առաջացման ռիսկի նշանակությամբ երրորդ վերահսկվող գործոնը ծխելուց եւ ճարպակալումից հետո։
Ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է քաղցկեղի հետեւյալ վեց տեսակների առաջացման հավանականությունը.
Գլխի եւ պարանոցի քաղցկեղի որոշ տեսակներ
Կերակրափողի հարթ բջջային քաղցկեղ
Կաթնագեղձի քաղցկեղ
Կոլորեկտորալ քաղցկեղ
Լյարդի քաղցկեղ
Ստամոքսի քաղցկեղ։
Հետազոտողները կարծում են, որ ալկոհոլի օգտագործումը կարող է որոշակի դեր խաղալ երիտասարդ ամերիկացիների քաղցկեղով հիվանդանալու հարցում։ Վերջերս կատարված հետազոտությունը, որում ուսումնասիրվել են տարբերությունները ԱՄՆ-ում 1920-1999թթ. ծնված մեծահասակների միջեւ, ցույց է տվել, որ քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները երիտասարդ սերնդի մոտ, հատկապես X սերնդի եւ միլենիալների մոտ, ավելացել են քաղցկեղի 34 տեսակներից 17-ում, ներառյալ կաթնագեղձի, ենթաստամոքսային գեղձի եւ ստամոքսի քաղցկեղը (կոլորեկտորալ քաղցկեղը համարվում է ստամոքսի քաղցկեղ)։ Միեւնույն ժամանակ, վերջին երկու տասնամյակում ալկոհոլի օգտագործումը Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ ավելացել է։ Թեեւ ալկոհոլ օգտագործող դեռահասների եւ երիտասարդների թվաքանակը կրճատվել է, միջին տարիքի ավելի մեծ թվով մարդիկ են, հատկապես կանայք, ավելացնում ալկոհոլի օգտագործումը եւ անցնում են հարբեցողության։






