Ավստրալիայի Ուղեղի առողջ ծերացման կենտրոնի (CHeBA) գիտնականները հայտնաբերել են, որ առաջին անգամ ուղեղի կաթված ստացած տարեց մարդկանց շրջանում ճանաչողական գործառույթների անմիջական անկում է նկատվում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open հանդեսում:
Գիտնականներն իրականացրել են ավելի վաղ հրապարակված 14 հետազոտությունների մետա-վերլուծություն (մեկ կամ մի քանի փոխկապակցված գիտական հիպոթեզների ստուգման համար վիճակագրության եղանակներով մի քանի հետազոտությունների արդյունքների միավորում): Գիտափորձին մասնակցում էին 11 երկրներից ուղեղի կաթված կամ դեմենցիայի հիվանդության պատմություն չունեցող տարեցներ: Մասնակիցների միջին տարիքը 73 տարեկան էր։ Տարիների ընթացքում գիտնականները հետևել են հետազոտվողների առողջական և ճանաչողական կարողությունների փոփոխություններին:
20 հազար 860 մասնակիցների մեջ հետազոտողները հայտնաբերել են մարդկանց, որոնք առաջին անգամ ուղեղի կաթված են ունեցել և այդ անախորշ իրադարձությունից հետո հայտնաբերել են նրանց մտածողության և հիշողության խանգարումներ: Պարզվել է, որ տարեց մարդկանց շրջանում ուղեղի կաթվածից հետո ճանաչողական հմտությունների արագ, երկարաժամկետ և զգալի նվազում է գրանցվել: Աստիճանական անկումն ազդել է խոսքի, տեղեկության մշակման արագության և կատարողական գործառույթների վրա:
Միաժամանակ պարզվել է, որ շաքարային դիաբետից, հիպերտոնիայից, սիրտ-անոթային հիվանդություններից և դեպրեսիայից տառապող անհատների շրջանում արագ ճանաչողական խանգարումներ են առաջացել՝ առանց ուղեղի կաթվածի: Համանման սպառնալիքի առաջ են հայտնվել արյան բարձր խոլեստերինի մակարդակ ունեցող մարդիկ և ծխողները:






