Կալիֆոռնիական համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի հետազոտողների իրականացրած հետազոտության համաձայն՝ մարդու IQ մակարդակը բարձր դասարաններում թույլ է տալիս կանխատեսում անել հետագա կյանքում ալկոհոլի օգտագործման մասին։ Արդյունքները հրապարակվել են Alcohol and Alcoholism ամսագրում։

Գիտնականները եզրակացրել են, որ հետազոտության մասնակիցները, ովքեր IQ ավելի բարձր մակարդակ են ունեցել, ավելի հաճախ են ալկոհոլ օգտագործել։

«Մենք չենք պնդում, որ ձեր IQ-ն բարձր դասարաններում վճռում է ձեր ճակատագիրը,- ասել է հետազոտության ավագ հեղինակ Է. Շերվուդ Բրաունը (բժշկության դոկտոր, Կալիֆոռնիայի համալսարանի Հարավարեւմտյան կենտրոնի Փիտեր Օ՛Դոնել-կրտսերի ուղեղի ինստիտուտի հոգեբուժության պրոֆեսոր)։- Բայց IQ մակարդակը կարող է հանգեցնել սոցիալական գործոնների միջամտության, որոնք կազդեն ալկոհոլի օգտագործման վրա, եւ դա ուսումնասիրման համար կարեւոր մեխանիզմ է։ Ավելի բարձր IQ-ն ըստ երեւույթին կանխատեսում է ավելի մեծ հավանականություն, որ դուք կխմեք չափավոր կամ շատ, բայց ոչ հարբելու աստիճանի»։

Չնայած դոկտոր Բրաունը եւ նրա գործընկերները բազմաթիվ հետազոտություններ են կատարել խանգարումների մասին՝ կապված ալկոհոլի օգտագործման հետ, նրա խոսքով՝ սա առաջին հետազոտությունն  է, որում ուսումնասիրվում են ալկոհոլի օգտագործման բնույթի վրա ազդող գործոնները։

Իրենց աշխատանքի շրջանակում գիտնականները դիմել են Վիսքոնսինի հետազոտության տվյալներին ավելի քան 10 000 ավագ դասարանցիների ինտելեկտի մակարդակի եւ կեսնակերպի մասին՝ սկսած 1957 թվականից։

Հետազոտողները օգտագործել են պատահական ընտրանք հարցման 8 254 մասնակիցներից, որոնք պատասխանել են ալկոհոլ օգտագործելու սովորությունների մասին 1992-2004թթ., երբ նրանք մոտ 53 եւ 65 տարեկան էին։ Ալկոհոլի չափավոր օգտագործումը դասակարգվել է որպես ալկոհոլի ամիսը 1-29 օգտագործում կանանց եւ 1-59՝ տղամարդկանց համար, իսկ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը՝ ամիսը 30 եւ ավելի անգամ կանանց եւ 60 եւ ավելի անգամ՝ տղամարդկանց համար։

Նրանք, ովքեր ավելի բարձր IQ են ունեցել, ավելի քիչ են հակված եղել ալկոհոլի չափից ավելի շատ օգտագործմանը։

Հետազոտողները հայտնաբերել են, որ IQ-ի մակարդակի մեկ կետով բարձրանալու յուրաքանչյուր դեպքում հավանականությունը, որ հարցվողները կտեղեկացնեն ալկոհոլի չափավոր կամ շատ օգտագործման մասին, ավելացել է 1,6 տոկոսով։

Ընդ որում, եկամուտի մակարդակը մասամբ ազդել է IQ-ի եւ ալկոհոլ օգտագործելու սովորությունների միջեւ փոխադարձ կապի վրա, գուցե այն պատճառով, որ ավելի բարձր IQ-ն կարող է հանգեցնել սթրեսային աշխատանքի կամ հնարավորությունների ավելացման ալկոհոլ օգտագործելու համար՝ բարձր եկամուտ ունեցող մարդկանց ընկերակցությամբ։