Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան (American Society of Clinical Oncology) ընկերության գիտնականները ներկայացրել են hetazwtության կարևոր արդյունքներ, որոնք ցույց են տալիս երկրորդ առաջնային քաղցկեղի զարգացման վտանգի վրա ավելորդ քաշի և ճարպակալման ազդեցությունը:

Ըստ JAMA պորտալի հրապարակման՝ հետազոտությունն ընդգծում է ավելորդ քաշին առնչվող վտանգները, նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն մեկ անգամ հիվանդացել են քաղցկեղով:

Հետազոտությանը մասնակցել է գրեթե 27 հազար մարդ, որոնց առաջին առաջնային քաղցկեղը (առանց մետաստազների) ախտորոշվել է 1992-2015 թվականներին, գրում է Planet-today-ը։ Քաղցկեղի ախտորոշման պահին մասնակիցների միջին տարիքը 72 տարեկան էր։ Հիվանդների ընդհանուր թվից 42,8%-ը ավելորդ քաշ է ունեցել, իսկ 17,2%-ը տառապել է ճարպակալումից։

Գիտնականները պարզել են, որ 7,9 տարի հետազոտությունից հետո մասնակիցների 13,9%-ի շրջանում առաջացել է երկրորդ առաջնային քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակն առաջանում է այն օրգաններում և հյուսվածքներում, որոնց վրա առաջին հիվանդությունը չի անդրադարձել։ Հատկանշական է, որ դեպքերի 33,2%-ում նոր չարորակ նորագոյացություններն առնչվել են գիրությանը։ Դա հաստատում է գիտնականների այն եզրակացությունները, որ ավելորդ քաշը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի տարբեր ձևերի առաջացման վտանգը։

Կարևոր է նշել, որ երկրորդ առաջնային քաղցկեղը տարբերվում է մետաստազից և հիվանդության կրկնությունից: Ի տարբերություն մետաստազների, որոնցում քաղցկեղային բջիջները տարածվում են ամբողջ մարմնով մեկ, երկրորդ առաջնային քաղցկեղը զարգանում է ինքնուրույն՝ նախկինում չվնասված հյուսվածքներում: Հիվանդության կրկնությունը նույն տեղում նախկինում հայտնաբերված և ապաքինված քաղցկեղի վերադարձն է:

Մասնագետներն ընդգծում են, որ երկրորդ առաջնային քաղցկեղի առաջացման վտանգը զգալիորեն բարձր է ավելորդ քաշ ունեցող և ճարպակալող մարդկանց շրջանում։ Ավելին, այդ ռիսկը մարմնի քաշի ավելացմանը զուգընթաց համամասնորեն մեծանում է: Հետազոտությունը կրկին ընդգծում է առողջ քաշի պահպանման կարևորությունը՝ քաղցկեղին առնչվող ռիսկերը նվազեցնելու համար: