Որոշում կայացնելու անհրաժեշտությունը լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնում ուղեղի վրա։ Այսպիսի եզրահանգման են եկել Փարիզի ուղեղի ինստիտուտի գիտնականները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Current Biology ամսագրում։

Օրվա վերջին մարու համար կարող է դժվար լինել ռացիոնալ որոշում կայացնելը։ Գրանադայի համալսարանի իսպանացի գիտնականների դիտարկումների համաձայն՝ մարդու ուղեղն առավել կշռադատված ընտրություն կատարում է առավոտյան, իսկ երեկոյան վարքում գերակշռում է իմպուլսիվությունը։ Ընդ որում, ընդունված որոշումների մեծ մասը հանգեցնում է ուղեղի «ծանրաբեռնվածության»։

Պարզելու համար, թե ինչու է ընտրելու անհրաժեշտությունն ուժեղացնում մտավոր հոգնածությունը, ֆրանսիացի հետազոտողներն իրականացրել են 40 կամավորների ուղեղի ՄՌՏ-սքանավորում։ Նրանք պարզել են, որ որոշումներ կայացնելու ժամանակ ուղեղի տարբեր հատվածները էլեկտրական ազդանշաններ են փոխանակում։ Այդ ազդանշանների փոխանցման համար պահանջվում է քիմիական նյութ, որը կոչվում է գլուտամատ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշումներ կայացնելուց հետո գլուտամատը կուտակվում է ուղեղում։ Յուրաքանչյուր նոր ընտրության հետ դրա խտությունն ավելանում է, ինչը վատացնում է սթափ մտածելու ունակությունը։

Դա հաստատվել է լրացուցիչ փորձով։ Գիտնականները փորձարկվողներին բաժանել են երկու խմբի եւ խնդրել կատարել մի շարք բարդ եւ պարզ առաջադրանքներ հիշելու հետ կապված։ Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվել է վիրտուալ փողի որոշակի գումարով։ Յուրաքանչյուր առաջադրանքի ավարտից հետո մասնակիցներին ներկայացրել են ընտրություն՝ դրամն ստանալ հիմա, կամ ավելի ուշ, բայց մեծ ծավալով։

Կամավորները, որոնք հոգնել էին մտավոր առաջադրանքներից, ավելի հաչճախ նախընտրել են այսրոպեական շահը։ Գիտնականների խոսքով՝ նրանք ընտրել են այն տարբերակը, որը խորհելու համար ամենաքիչ ջանքերն է պահանջում։