University of Toronto-ի հետազոտողներն ավելի վաղ իրականացված 17 հետազոտությունների ընդարձակ ուսումնասիրություն են կատարել ավելի քան 500 մարդկանց մասնակցությամբ, որպեսզի պարզեն, թե ինչպես է կովի կաթի փոխարինումը սոյայի կաթով ազդում առողջության վրա։ Յուրաքանչյուր փորձի ժամանակ մասնակիցները չորս շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են 500 միլիլիտր կաթ՝ կովի կամ սոյայի։

 Daily Mail պարբերականի համաձայն՝ արդյունքները ցույց են տվել, որ կովի կաթի փոխարինումը սոյայի կաթով դրական ազդեցություն է ունեցել առողջության մի շարք կարեւոր ցուցանիշների վրա։ Բոլոր մասնակիցների մոտ, որոնք սոյայի կաթ են օգտագործել, նկատվել է խոլեստերինի, զարկերակային ճնշման մակարդակի, ինչպես նաեւ բորբոքման մարկերների իջեցում։ Այդ արդյունքի կարեւորագույն գործոններից մեկն այն էր, որ սոյայի կաթը պարունակում է մոտ 60 տոկոսով ավելի քիչ շաքար, քան կովինը։

Գիտնականները նշել են, որ հավաքված տվյալները վկայում են կովի կաթը սոյայի կաթով փոխարինելու օգուտի մասին, քանի որ դա կարող է օգնել բարելավել արյան մեջ լիպիդների ցուցանիշները, կարգավորել զարկերակային ճնշումը եւ նվազեցնել բորբոքային պրոցեսները մեծահասակների մոտ։