Պեկինի համալսարանի չինական բժշկության ոլորտի գիտնականներն ապացուցել են, որ ասեղնաբուժությունը թեթեւացնում է գոտկատեղի ցավը իշիասի՝  նստանյարդի բորբոքման ժամանակ։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Internal Medicine (JAMA IM) գիտական ամսագրում։

Իշիաս ունեցող մարդիկ հաճախ տառապում են ցավից, թուլությունից եւ թմրածությունից մարմնի ստորին մասում։ Այդ ախտանշանները կարող են առաջանալ ինչպես հենց նյարդի բորբոքումից, այնպես էլ միջողային սկավառակի ճողվածքից։ Այս ախտորոշումն ունեցող պացիենտներին հաճախ նշանակում են ցավազրկողներ եւ ֆիզիոթերապիա, իսկ ծանր դեպքերում խորհուրդ են տալիս վիրաբուժական միջամտություն։

Նոր հետազոտությունում գիտնականներն ընտրել են իշիաս ունեցող 220 մարդու։ Պացիենտներին բաժանել են երկու խմբի։ Առաջինն ստացել է իշիասի բուժման 10 սեանս ասեղնաբուժության օգնությամբ չորս շաբաթվա ընթացքում, իսկ երկրորդը նման միջամտություններ է անցել, բայց առանց ասեղների բժշկական էֆեկտի։

Խմբերի միջեւ տարբերություններն ակնհայտ են դարձել երկրորդ շաբաթ։ Երկու խմբերը նշել են ցավի մակարդակի նվազման եւ ամենօրյա ֆունկցիայի բարելավման մասին, բայց իսկական ասեղնաբուժություն անցած խումբն ավելի լավ է զգացել յուրաքանչյուր ստուգման դեպքում։

Հեղինակները եկել են այն եզրահանգման, որ այդ կայուն արդյունքը վկայում է, որ ասեղնաբուժությունը պետք է դիտարկել որպես միջողային սկավառակի ճողվածքով պայմանավորված քրոնիկական իշիաս ունեցող մարդկանց բուժման տարբերակ։