Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալումը կաթնագեղձի քաղցկեղի առաջացման ավելի հզոր գործոն է, քան կարծում էին մինչ այժմ։

Դաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ կաթնագեղձի հորմոնալ-դրական քաղցկեղի դեպքերի մոտ 40 տոկոսը կարող է կապված լինել օրգանիզմում ճարպի ավելցուկի հետ, տեղեկացրել են գիտնականները Journal of Epidemiology & Community Health-ում հրապարակված հոդվածում։

«Հետազոտության արդյունքներն ընդգծում են ճարպային նստվածքների ավելի ստույգ դիտարկման կարեւորությունը, քան մարմնի զանգվածի ինդեքսը, գնահատելու համար ճարպակալման հետ կապված ուռուցքաբանական վտանգը դաշտանադադարից հետո կաթնագեղձի քաղցկեղի դեպքում»,- նշել է հետազոտական խումբը Լաս Պալմաս-դե-Գրան Կանարիայի (Իսպանիա) համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, գիտնական Վերոնիկա Դավիլ-Բատիստի ղեկավարությամբ։

Իրենց աշխատանքի շրջանակում գիտնականները մարմնի ինդեքսի զանգվածը համեմատել են ճարպային նստվածքների այլ ցուցանիշների հետ, որոնք կոչվում են CUN-BAE, մի հավասարմամբ, որը հաշվի է առնում սեռն ու տարիքը մարմնի զանգվածի ինդեքսը չափելիս։ Այս երկու ցուցանիշներն օգտագործվել են կաթնագեղձի քաղցկեղ ունեցող 1 022 տարեց իսպանացի կանանց եւ 1 143 քաղցկեղ չունեցող կանանց կշռելու համար։

Գիտնականները հայտնաբերել են, որ կաթնագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 23 տոկոսը կապված է մարմնի ավելորդ քաշի հետ, որը չափվում է մարմնի զանգվածի ինդեքսի օգնությամբ։ Սակայն, ինչպես ցույց են տալիս արդյունքները, կաթնագեղձի քաղցկեղի դեպքերի մոտ 38 տոկոսը կապված է եղել ճարպի ավելցուկի հետ։

Հետազոտողների խոսքով՝ այդ տարբերություններն առավել նկատելի են եղել քաղցկեղի հորմոնալ-դրական տեսակների դեպքում, որոնք առաջանում են կանացի հորմոններով (ինչպիսին է էստրոգենը) պայմանավորված։