Ֆլինդերսի համալսարաի գիտնականները պարզել են, որ ծանր ծածկոցներն օգնում են բարելավել մեծահասակների քունը անքնության եւ հոգեկան այլ խանգարումների դեպքում, ներառալ տագնապն ու դեպրեսիան։ Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Occupational Therapy-ում։
Այսպիսի եզրակացության են եկել գիտնականներն ավելի վաղ հրապարակված 18 գիտական աշխատանքների ուսումնասիրման արդյունքում, որոնցում դիտարկվել է ծանր ծածկոցների ազդեցությունը քնի որակի վրա տագնապի եւ դեպրեսիոն խանգարումներ ունեցող մեծահասակների եւ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշ ունեցող երեխաների մոտ։
Այդ ծածկոցներն օգտագործած մասնակիցները տեղեկացրել են ավելի որակյալ քնի, քնաբերների օգտագործումը նվազեցնելու, ինչպես նաեւ տրամադրության բարելավման եւ ցավի զգացողությունների պակասի մասին։
Չնայած արդյունքները մեծահասակների համար համոզիչ էին թվում, ծանր ծածկոցների արդյունավետությունը երեխաների մոտ այնքան էլ որոշակի չեն եղել։ Ծնողներից ոմանք տեղեկացրել են իրենց երեխաների վարքի դրական փոփոխությունների մասին, ներառյալ կենտրոնացածությունը ամենօրյա զբաղմունքների ժամանակ։
Գիտնականներն ընդգծել են, որ հոգեկան եւ նյարդային զարգացման խանգարումներ ունեցող երեխաների եւ մեծահասակների համար կարեւոր է, որպեսզի ծանր ծածկոցները հեշտ հանվեն ինքնուրույն։ Հետազոտողների խոսքով՝ հուզական ֆոնի կարգավորման այս միջոցը կարելի է օգտագործել ի հավելումն թերապիայի ավանդական միջոցների։ Սակայն հստակ կլինիկական ուղեցույցը ծանր ծածկոցների օգտագործման վերաբերյալ դեռ պետք է մշակվի։






