Էմորիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են ֆերմենտների ընտանիք, որոնք կարող են ոչնչացնել IgG հակամարմինների առաջացրած աուտոիմունային հիվանդությունների ախտանշանները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում։
Մկների վրա կատարված փորձերի ընթացքում գտնված ֆերմենտները կարող են նվազեցնել աուտոիմունային հիվանդությունների պաթոլոգիական էֆեկտները, որոնք առաջացնում են IgG հիպերակտիվ հակամարմինները։ Այդ հիվանդություններից է միաստենիա գրավիսը։ Դա հազվադեպ աուտոիմունային նյարդամկանային պաթոլոգիա է, որը բնութագրվում է մկանների արագ հոգնածությամբ եւ թուլությամբ։ Միաստենիա գրավիսն առաջանում է, երբ հակամարմինները գրոհում են ռեցեպտորները, որոնք պատասխանատու են մկաններին նյարդային ազդակների փոխանցման համար, ինչը դժվարացնում է երկրորդների ակտիվությունը։
Գիտնականները պարզել են, որ CU43 ֆերմենտը հատկապես արդյունավետ է այդ վիճակների բուժման համար։ Առաջատար հետազոտող Էրիկ Աանդբերգը նշել է, որ նոր ֆերմենտը կարող է մոդիֆիկացնել հակամարմինները՝ դրանք անվնաս դարձնելով օրգանիզմի համար։ Նման թերապեւտիկ արդյունքի հասնելու համար կպահանջվի 4 000 անգամ ավելի քիչ չափաբաժին գոյություն ունեցող դեղերի համեմատ։
Գիտնականները հուսով են, որ այս արդյունքները թույլ կտան արագացնել անցումը կլինիկական փորձերին մարդկանց վրա։ CU43 ֆերմենտը IgG հակամարմնի հետ կապված աուտոիմունային հիվանդությունների բուժման մեծ պոտենցիալ ունի։ Այն նոր հնարավորություններ կբացի օրգանիզմին ավելի քիչ չափաբաժիններով արդյունավետ դեղեր հասցնելու ճանապարհին։






