Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի ամերիկացի գիտնականները մշակել են գիշերային մղձավանջների բուժման նոր մեթոդ նարկոլեպսիա ունեցող պացիենտների համար։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Sleep Research (JSR) գիտական պարբերականում։

Նարկոլեպսիան նյարդային համակարգի հիվանդություն է, որի դեպքում մարդն զգում է անհաղթահարեկի քնկոտության եւ անսպասելի քնելու նոպաներ։ Երբեմն խանգարումն ուղեկցվում է հալյուցինացիաներով քնելիս եւ արթնանալիս։ Բացի այդ, նարկոլեպսիա ունեցող մարդկանց 30-40 տոկոսը տառապում է վառ եւ հոգնեցուցիչ գիշերային մղձավանջներով։

Նոր հետազոտությունում թիմն ընտրել է նարկոլեպսիա ունեցող վեց մարդու, որոնք մշտապես ահավոր երազներ են տեսել երկար ժամանակ։

Գիտնականներն օգտագործել են կոգնիտիվ-վարքային թերապիայի մեթոդները՝ խնդրելով մասնակիցներին թղթի վրա նկարագրել վախեցնող տեսարանները, իսկ հետո արտագրել դրանք այնպես, որպեսզի դրանք դադարեն տհաճ եւ վախեցնող լինել։ Կամավորները մղձավանջների վերամշակված սցենարները փորձել են ամեն գիշեր քնելուց առաջ։

Այնուհետեւ հետազոտողները փորձել են պացիենտների մոտ առաջացնել գիտակցված երազներ լաբորատոր պայմաններում։

Նարկոլեպսիա ունեցող մարդիկ, որպես կանոն, հաճախ տեսնում են երազներ արագ քնի փուլում։ Օգտագործելով էլեկտրաէնցեֆալոգրամման ուղեղի ակտիվության մոնիթորինգի համար՝ գիտնականները պարզել են, թե երբ է հետազոտության մասնակիցը մտնում արագ քնի փուլ։ Դրանից հետո մասնագետները կամաց երաժշտական ազդանշաններ են միացրել՝ կապված գիտակցվածության եւ յուրաքանչյուր վերարտագրված երազի հետ։

Այդ ազդանշանները կարող են առաջ բերել գիտակցված երազ եւ գործի դնել երազի վերարտագրված սցենարը։ Ձայնային ազդանշաններից մեկը եղել է դաշնամուրի ակորդը, որը մասնակիցները սովորել են ասոցիացնել իրենց նոր երազի հետ՝ լսելով այն քնից առաջ քունը փորձելիս։ Մեկ այլ ազդանշան ներառել է մի քանի բառեր, որոնք նկարագրել են նրանց նոր երազը, օրինակ՝ «հանգստություն» կամ «ընտանիք»։

Բուժման արդյունքում բոլոր մասնակիցները նշել են, որ իրենց մղձավանջները դարձել են ավելի սակավ եւ ավելի քիչ վախենալի, իսկ վեցից չորսի մոտ վախեցնող երազների ինտենսիվությունն ավելի ցածր է եղել խանգարման շեմային մեծությունից։