Զգացմունքայնությունը, լացը ֆիլմեր դիտելիս կարող են ազդարարել կյանքից վաղաժամ հեռանալու բարձր վտանգի մասին։ Հետազոտողներն իրենց եզրահանգումները հրապարակել են Journal of Affective Disorders ամսագրում՝ նշելով, որ նման վարքագիծը նեւրոտիզմի դրսեւորում է, որն ավելացնում է վաղ մահվան հավանականությունը տասը տոկոսով։

Մասնագետները նեւրոտիզմը նկարագրում են որպես բնավորության համալիր գիծ, որը ներառում է բացասական հուզական վիճակների հակվածությունը։ Դրա կառուցվածքի մեջ են մտնում տարբեր բաղադրիչներ, որոնցից առանձնանում են միայնության զգացումը, տագնապայնությունը եւ գերգռվողականությունը։

Ֆլորիդայի նահանգի համալսարանի հետազոտական խումբը պարզել է, որ նեւրոտիզմի բոլոր բաղադրիչների մեջ հենց միայնությունն է ամենամեծ սպառնալիքը ներկայացնում կյանքի տեւողության համար։ Այդ վիճակը կարող է առաջացնել շնչառական եւ մարսողական համակարգերի խնդիրներ, ինչպես նաեւ կարող է մարդուն մղել ինքնաքայքայիչ վարքի։

Հետազոտության ընթացքում պարզվել է նաեւ, որ կապ գոյություն ունի կյանքի տեւողության եւ նեւրոտիզմի այլ դրսեւորումների միջեւ, ներառյալ հուզական ֆոնի անկայունությունը եւ սննդային վարքի առանձնահատկությունները։