Չինացի հետազոտողները առաջընթաց են գրանցել վահանաձեւ գեղձի մեդուլյար կարցինոմայի (MTC) բուժման ոլորտում, տեղեկացրել է «Սինհուան»։

Առաջընթացը հիմնված է վիզուալացման մեթոդիկայի վրա, որն օգտագործում է ռադիոֆարմդեղամիջոցների նոր դաս, որոնք հայտնի են որպես կովալենտ-միտված ռադիոլիգանդներ (CTR)։ Հետազոտողների կարծիքով՝ այս մոտեցումը լուծում է MTC-ի բուժման հիմնական խնդիրներից մեկը՝ ճիշտ որոշում է մետաստազային օջախների տեղը։

Այս մեթոդի մշակումը Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ուռուցքաբանական հիվանդանոցից Լյու Շաոյանի եւ Պեկինի համալսարանից Լյու Չժիբոյի եւ Չանպինի լաբորատորիայի թիմերի համատեղ աշխատանքի արդյունքն է։

Նրանց հետազոտությունը հրապարակվել է Քաղցկեղի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի (AACR) Cancer Discovery ամսագրում։

Լյու Շաոյանը ընդգծել է, որ առկա մեթոդները հաճախ թույլ չեն տալիս ճիշտ տեղայնացնել մետաստազները։ «Վիրաբուժական միջամտությունը MTC-ի բուժման հիմնական մեթոդն է։ Վիզուալացման մեթոդը վճռական նշանակություն ունի, որպեսզի օգնի վիրաբույժներին ճիշտ որոշել վիրաբուժական միջամտության ծավալը»,- ասել է նա։

Նոր մոտեցումը թույլ է տալիս ազդել ուռուցքի բջիջների վրա ավելի երկար ժամանակի համար։ Դա ապահովում է պատկերի լավագույն կոնտրաստայնությունը, որն ավելի հստակ է  նույնականացնում ուռուցքները, ասել է Լյու Շաոյանի թիմի անդամ Կուն Ցզիժենը։

Լյու Շաոյանը նշել է, որ վիզուալացման այս մեթոդը կշարունակի զարգանալ եւ ընդլայնել կիրառման ոլորտը, եւ CTR-ն կարող է դառնալ արժեքավոր ախտորոշիչ գործիք ոչ միայն MTC-ի, այլեւ քաղցկեղի այլ տեսակների բուժման համար։