Ամերիկյան Scripps Research հետազոտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ալկոհոլիզմը եւ Ալցհեյմերի հիվանդությունը կապված են ուղեղի գեների ակտիվության նման փոփոխությունների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են eNeuro-ում։
Հետազոտողները համեմատել են փոփոխություններն ուղեղում՝ կապված Ալցհեյմերի հիվանդության եւ ալկոհոլիզմի հետ, միաբջիջ տրանսկրիպտոմիկայի օգնությամբ։ Դա մեթոդ է, որը թույլ է տալիս վերլուծել գեների էքսպրեսիան (ակտիվությունը) առանձին բջիջների մակարդակում։ Հետազոտությունը հիմնվել է նախորդ տվյալների վրա, որոնք ցույց են տվել, որ ալկոհոլի չափից շատ օգտագործումը Ալցհեյմերի հիվանդությանը գենետիկորեն հակված մկների մոտ արագացնում է այդ հիվանդության առաջացումը։
Թիմը սեքվենավորել է 75 պացիենտների ուղեղի հարյուր հազարավոր բջիջների ՌՆԹ-ն Ալցհեյմերի հիվանդության տարբեր փուլերում եւ տասը նորմալ մարդու մոտ, որոնք նորմալ կոգնիտիվ ունակություններ են ունեցել։ Այս տվյալները նրանք համադրել են ալկոհոլային կախում ունեցող մարդկանց ուղեղի վերլուծության արդյունքների հետ։ Գիտնականները հայտնաբերել են, որ թե՛ Ալցհեյմերի հիվանդությունը, թե՛ ալկոհոլիզմը ուղեղում նման փոփոխություններ են առաջացնում՝ բորբոքային գեների բարձր ակտիվություն, ազդանշանների բջջային փոխանցման խախտումներ եւ պաթոլոգիական փոփոխություններ արյունատար անոթների բջիջներում։
Քանի որ ալկոհոլային կախում ունեցող մարդկանց ընտրանքը մեծ չէր, գիտնականները նախատեսում են ընդլայնել հետազոտությունը տվյալների մեծ շտեմարանի օգնությամբ։ Նրանք հուսով են, որ դա կօգնի ավելի լավ հասկանալ մոլեկուլյար եւ բջջային մեխանիզմները, որոնք ազդում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման վրա, եւ ալկոհոլիզմի հետ կապված խանգարումների փոխգործակցությունը։






