Նիհարելիս օզեմպիկ օգտագործողների մկանների զանգվածը նվազում է։ Սակայն այդ պրոցեսը բնական է եւ կապված է այն բանի հետ, որ մկաններն ավելի փոքր բեռնվածություն են զգում քաշի նվազման ժամանակ։ Այս մասին վկայում է Circulation ամսագրում հրապարակված աշխատանքը։

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ օզեմպիկի եւ անալոգների (գլյուկագոնանման պեպտիդ-1) ագոնիստների խմբի դեղերը հանգեցնում են քաշի գրեթե նույն կորստին, ինչ եւ ստամոքսի փոքրացման վիրահատությունը։ Սակայն արագ նիհարելը կարող է հանգեցնել մկանների կորստի։

Նոր հետազոտությունում Թյուբինգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ գլյուկագոնանման պեպտիդ-1-ի ագոնիստները հանգեցնում են մկանային զանգվածի նվազման։ Սակայն այդ գործընթացը բնական է. քաշի նվազումը հանգեցնում է այն բանին, որ մկաններն ավելի քիչ են լարվում։ Դրանից նրանց զանգվածը փոքրանում է։ Նման պրոցես է տեղի ունենում սրտի հետ հիպերտոնիայի բուժման ժամանակ. զարկերակային ճնշման իջեցումը թույլ է տալիս օրգանին թուլանալ եւ հանգեցնում է սրտամկանի բնական փոքրացման։

Բացի այդ,  ճարպակալում ունեցող մարդկանց քաշի նվազումը հանգեցնում է ինսուլինի հանդեպ բարձր զգայականության եւ մկաններում ճարպի քանակի նվազման, ինչը բարելավում է մկանների որակը։

Գիտնականները նշել են, որ մկանային զանգվածի կորուստը կարող է վնասակար լինել տարեց մարդկանց համար։ Նրանց համար ապագայում կարող են մշակվել դեղեր մկանային զանգվածի աջակցման կամ պահպանման նպատակով գլյուկագոնանման պեպտիդ-1-ի ագոնիստների ընդունման դեպքում։