Հետազոտությունը ցույց է տվել, որ սալմոնելան կանգնեցնում է օրգանիզմի հիվանդության դեմ գրոհող սեփական  իմունային ազդեցությունը։ Փորձագետները վաղուց պարզել են, որ սալմոնելան, որը կարող է սննդային թունավորում առաջացնել, կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, բայց թերապիայում օգտագործվելու դեպքում այն այնքան էլ արդյունավետ չի եղել, որքան սպասվում էր։

Բայց այժմ հետազոտությունը ցույց է տվել, որ սալմոնելան կարող է այնպես կառուցակցվել, որ թույլ տա Т-բջիջներին՝ արյան սպիտակ մարմինների տեսակին, որոնք պաշտպանում են օրգանիզմը վարակներից եւ հիվանդություններից, սպանել քաղցկեղի բջիջները։ Հետազոտողների թիմը, օգտագործելով մկներին, հայտնաբերել է, որ սալմոնելան սովորաբար խանգարում է Т-բջիջներին պայքարել քաղցկեղի բջիջների դեմ, քանի որ այն հյուծում է ասպարագին ամինաթթուն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են EMBO Molecular Medicine ամսագրում։ Դոկտոր Ալասթեր Քոպլենդը՝ հետազոտության առաջին հեղինակն ու Բիրմինգհեմի համալսարանի իմունաբանության ոլորտի աշխատակիցը, ասել է, որ հետազոտությունը կարող է «սալմոնելան վերածել միջոցի, որը պայքարում է քաղցկեղի դեմ»։

«Վաղեմի հանելուկներից մեկն այն է, թե ինչու Т-բջիջները, որոնք կարեւոր դեր են խաղում քաղցկեղի դեմ պայքարում, օպտիմալ չեն գործում  այդ բուժման ժամանակ։ Այժմ մենք պարզել ենք այն սպիտակուցը, որը պատասխանատու է դրա համար, եւ ստույգ որոշել ենք հետաքրքիր գենետիկ թիրախը, որը կարող էր օգնել մեզ բացահայտել այդ թերապիայի ամբողջ պոտենցիալը»,- ասել է գիտնականը։

Դոկտոր Քեթրին Էլիոթը (Cancer Research UK), որը ֆինանսավորել է հետազոտությունը, ասել է, որ այն «գրավիչ» ձեռքբերում է եւ կարող է հանգեցնել «կոլորեկտալ եւ քաղցկեղի այլ տեսակներ ունեցող պացիենտների ավելի արդյունավետ բուժման ապագայում, ինչը հույս է ներշնչում պացիենտներին»։