Վիեննայի համալսարանի հետազոտական թիմը, քիմիկոս բժիշկ Մարկուս Մուտենթալերի ղեկավարությամբ, որովայնի քրոնիկ ցավերի բուժման համար պեպտիդային դեղահաբերի նոր դաս է ստեղծել:
Այս բեկումնային նորամուծությունն առաջարկում է անվտանգ, ոչ օփիոիդների վրա հիմնված լուծում այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը (IBS) և աղիների բորբոքային հիվանդությունը (IBD), որոնցով միլիոնավոր մարդիկ են տառապում ամբողջ աշխարհում: Հետազոտության արդյունքները վերջերս հրապարակվել են հանրահայտ Angewandte Chemie ամսագրի միջազգային պարբերականում:
Որովայնի քրոնիկ ցավի բուժման ժամանակակից դեղամիջոցները հաճախ հիմնված են օփիոիդների վրա:
Սակայն օփիոիդները կարող են առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ, ինչպիսիք են կախվածությունը, սրտխառնոցը և փորկապությունը: Բացի այդ, դրանք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ հաճախ հանգեցնելով հոգնածության և քնկոտության, ինչը վատացնում է հիվանդների կյանքի որակը։
Հատկապես խնդրահարույց է թմրամոլության վտանգը, որը նպաստել է շարունակվող համաշխարհային օփիոիդային ճգնաժամին: Ուստի այս ռիսկերը նվազագույնի հասցնող այլընտրանքների հրատապ անհրաժեշտություն կա: Այս նոր թերապևտիկ մոտեցումը ուղղված է աղիներում օքսիտոցինի ընկալիչներին:
Օքսիտոցինը լայնորեն հայտնի է որպես «սիրո հորմոն»՝ սոցիալական կապերի հաստատման գործում ունեցած դերի շնորհիվ։ Ավելի քիչ հայտնի է, որ օքսիտոցինը կարող է ազդել նաև ցավի ընկալման վրա:
Երբ պեպտիդ հորմոն օքսիտոցինը կապվում է այս ընկալիչների հետ, այն ազդանշան է տալիս, որը նվազեցնում է ցավի զգացողությունը աղիներում: Այս մոտեցման առավելությունն այն է, որ էֆեկտը յուրահատուկ է աղիների համար, որ նվազեցնում է կողմնակի ազդեցությունների վտանգը՝ աղիների վրա դրա ոչ համակարգային ազդեցության պատճառով:
Ինքը՝ օքսիտոցինը, չի կարելի կուլ տալ, քանի որ այն արագ քայքայվում է աղեստամոքսային տրակտում։ Սակայն պրոֆեսոր Մուտենթալերի թիմը հաջողությամբ ստեղծել է օքսիտոցինի միացություններ, որոնք միանգամայն կայուն են աղիներում, և միաժամանակ կարող են արդյունավետ և ընտրողաբար ակտիվացնել օքսիտոցինի ընկալիչը:
Սա նշանակում է, որ այս նորաստեղծ օքսիտոցինանման պեպտիդները կարելի է ընդունել դեղահաբերի տեսքով, ինչը հարմարավետ բուժում է հիվանդների համար: Այս մոտեցումը հատկապես նորարարական է, քանի որ պեպտիդային դեղամիջոցների մեծ մասը (օրինակ՝ ինսուլինը, GLP1 անալոգները) ներերակային ներարկում են պահանջում, քանի որ դրանք նույնպես արագորեն քայքայվում են աղիներում:






