Վիեննայի համալսարանի գիտնականները որովայնի խրոնիկական ցավը բուժելու համար բանավոր պեպտիդային դեղամիջոցների նոր դաս են մշակել: Նրանց գործողությունը հիմնված է ցավը վերացնելու ունակ օքսիտոցինի աշխատանքի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Angewandte Chemie (AngeChem) բժշկագիտական հանդեսում:
Ըստ գիտնականների՝ ցավը հաճախ ծագում է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վրա ազդող գրգռված աղիքի համախտանիշի և աղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Որովայնի խրոնիկական ցավը բուժելու համար նախատեսված ժամանակակից դեղամիջոցները հաճախ օփիոիդներ են պարունակում: Այդ դեղամիջոցներն արդյունավետ են, բայց դրանք լուրջ կողմնակի ազդեցություններ, մասնավորապես՝ կախվածություն, սրտխառնոց և փորկապություն կարող են ունենալ: Բացի դրանից, օփիոիդները ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ գերհոգնածություն և քնկոտություն առաջացնելով։
Նոր թերապևտիկ մոտեցումն ուղղված է աղիքներում օքսիտոցինի ընկալիչներին: Օքսիտոցինը՝ սոցիալական փոխազդեցության մեջ իր կարևոր դերի պատճառով, լայնորեն հայտնի է իբրև «սիրո հորմոն»: Օքսիտոցինն ի վիճակի է ազդել նաև ցավի ընկալման վրա։
Երբ պեպտիդ հորմոն օքսիտոցինը կապվում է համապատասխան ընկալիչների հետ, այն ազդանշան է տալիս, որը նվազեցնում է ցավն աղիքներում: Ընդ որում, այս ազդեցությունը հատուկ է մեկ օրգանի, ինչի շնորհիվ ոչ համակարգային գործողության պատճառով կողմնակի ազդեցությունների վտանգը նվազում է։
Բուն օքսիտոցինը ուղղակի խմել չի կարելի, քանի որ այն արագ քայքայվում է ստամոքս-աղիքային տրակտում: Այդ հատկանիշը հաշվի առնելով՝ գիտնականները հաջողությամբ օքսիտոցինի՝ աղիներում ամբողջովին կայուն նոր միացություն են ստեղծել։ Այս նորարար լուծումը առանձնացնում է դեղը այլ պեպտիդային դեղամիջոցներից (մասնավորապես՝ ինսուլինը և Օզեմպիկի նմանակները), որոնք անհրաժեշտ է ներարկել:






