Քունը միշտ չէ, որ հանգիստ է բերում, հաճախ այն լի է տհաճ եւ անգամ վախեցնող երեւույթներով։ Խոսքը մղձավանջների մասին չէ, այլ շատ ավելի վտանգավոր բաների։ Ավստրալացի  գիտնական Ջեյն Թերեզա Անդերսոնը Daily Mail-ին պատմել է այնպիսի տարօրինակ երեույթների մասին, ինչպիսին են սեքսուալ քնկոտությունը, քնի կաթվածը, կեղծ արթնացումները եւ այլն։

Քնի կաթվածով տառապում է մարդկանց 7,6 տոկոսը։ Դա վիճակ է, երբ մարդը չի կարողանում շարժվել կամ խոսել արթնանալու պահին, տեղեկացրել է Planet Today-ը։ Հաճախ դա տեղի է ունենում երազներից կամ հալյուցինացիաներից հետո։ Այդ ժամանակ մարմինը կորցնում է մկանները կառավարելու ունակությունը։

Վիճակը հաճախ ուղեկցվում է կրծքավանդակի ճնշման զգացողությամբ, ուժեղ սթրեսով կամ անգամ խուճապով։ Սովորաբար առաջանում է քնի խանգարումների կամ հոգեկան շեղումների ֆոնին։

Հիպնագոգիկ տեսիլքները հալյուցինացիաներ են, որոնք անցնում են ուղեղի միջով արթուն վիճակից քնի անցնելու փուլում։ Ստեղծագործ մարդիկ անգամ դա օգտագործում են անսովոր կերպարներ ստեղծելու համար։ Հայտնի է, որ Փոլ Մակքարթնին փոխ է առել դեղին սուզանավի գաղափարը հենց այդ վիճակից։

Հիպնոպոմպիկ տեսիլքները պատրանքների մեկ այլ տեսակ են, նման վերը նկարագրվածին, բայց առաջանում են քնելիս, նույնպես քնի եւ արթնության եզրին, բայց «այլ բեւեռում»։ Ուղեղը դեռ այնքան էլ չի միացել՝ դուրս գալով հանգստի գոտուց, եւ երբեմն կերպարները քնից անցնում են իրականություն արթնանալիս։

Գիտակցված երազները ավելի հազվադեպ երեւույթ են։ Մեզանից շատերը քնի պրոցեսում այն ընկալում են որպես իրականություն։ Բայց կա մարդկանց առանձին կարգ (մարդկության մոտ մեկ հինգերորդ մասը), որը գիտակցում է, որ քնած է եւ անգամ կարող է վերահսկել քնի մեջ կատարվողը։

Պարասոմնիան մեր մարմնի դրսեւորումն է, քանի դեռ մեր ուղեղը քնած է։  Ամենահայտնին լուսնոտությունն է։ Երբեմն մարդը այդ վիճակում կարող է քայլել եւ խոսել, ծիծաղել եւ լալ։ Եվ անգամ նստել մեքենայի ղեկին։ Բայց կա նաեւ այն, ինչը գիտնականներն անվանում են «սեքսոմնիա»։  Դա սեռական ակտի բնազդային սկիզբն է  քնի ժամանակ, որը հիմնականում բնորոշ է տղամարդկանց։

Կեղծ արթնացումները լինում են այն ժամանակ, երբ մենք քնի մեջ տեսնում ենք, որ արթնացել ենք եւ ինչ-որ բան ենք անում սովորական առօրյայից։

Համատեղ երազատեսություններն այն երեւույթն են, երբ երկու մարդ տեսնում են նման կամ անգամ նույնական երազներ նույն գիշեր, անգամ մոտավորապես նույն ժամին։ Հատուկ են երկվորյակներին կամ այն մարդկանց, ովքեր շատ մոտ են հոգեպես եւ որոնց հուզում են նույն երեւությները, օրվա իրադարձությունները։