Գիտնականները բացահայտել են այն մեխանիզմը, որի օգնությամբ մանրէները պաշտպանվում են լայնորեն օգտագործվող հակաբիոտիկներից։ Բարսելոնայի գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի իսպանացի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) ամսագրում։

Թիմն ուսումնասիրել է աղիքային ցուպիկի (Escherichia coli) վարքը հակաբիոտիկների ազդեցության ժամանակ։ Օգտագործվել են ստրեպտոմիցին եւ կասուգամիցին, որոնք տարածված հակաբակտերիալ դեղամիջոցներ են։

Երկու հակաբիոտիկները խախտում են նոր սպիտակուցներ արտադրելու մանրէների ունակությունը՝ նպատակաուղղված ձեւով ազդելով դրանց ռիբոսոմի վրա։ Այդ մոլեկուլյար կառույցները ստեղծում են սպիտակուցներ եւ իրենք են կազմված սպիտակուցներից եւ ռիբոսոմալ ՌՆԹ-ից։

Ռիբոսոմալ ՌՆԹ-ն հաճախ մոդիֆիկացվում է քիմիական նշաններով, որոնք կարող են փոխել ռիբոսոմի ձեւն ու  ֆունկցիան։ Բջիջներն այդ նշաններն օգտագործում են սպիտակուցի արտադրման նուրբ կարգավորման համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ի պատասխան հակաբիոտիկների՝ E. Coli-ն սկսում է հավաքել նոր ռիբոսոմներ, որոնք քիչ են տարբերվում նրանցից, որոնք արտադրվում են նորմալ պայմաններում։ Կախված այն բանից, թե որ հակաբիոտիկն է օգտագործվել, նոր ռիբոսոմները որոշակի նշաններ չեն ունեցել։ Նշանները հատկապես կորել են այն հատվածներում, որտեղ հակաբիոտիկներն ամրանում եւ դադարեցնում են սպիտակուցի արտադրությունը։ Պարզվել է, որ այդ հնարքը մանրէները դարձնում է ավելի կայուն դեղերի հանդեպ։

«E. Coli-ն փոխում է իր մոլեկուկյար կառույցները ցնցող ճշգրտությամբ եւ իրական ժամանակում։ Դա դեղերից խուսափելու թաքուն եւ նուրբ միջոց է»,- նշել է հետազոտության համահեղինակ, դոկտոր Եվա Նովոան։

Գիտնականներն ակնկալում են, որ իրենց հայտնագործությունը կօգնի հաղթահարել համաշխարհային առողջապահության ամենամեծ ճգնաժամերից մեկը։