Memorial Sloan Kettering Cancer Center-ի (MSK) հետազոտողները հայտնել են պատմության մեջ առաջին կլինիկական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ բուսական բջջանյութով  հարուստ սննդակարգը կարող է դանդաղեցնել ոսկրածուծն ախտահարող բազմակի միելոմայի՝ արյան հազվագյուտ և անբուժելի քաղցկեղի զարգացումը, գրում է Medical Xpress-ը.

Հետազոտությանը մասնակցել է արյան նախաքաղցկեղային հիվանդություն և մարմնի զանգվածի բարձր ինդեքս (BMI) ունեցող 20 մարդ, որոնք ենթակա էին բազմակի միելոմայի զարգացման վտանգի: Նրանք 12 շաբաթ շարունակ սնվել են բջջանյութով հարուստ բուսական սննդակարգով և 24 շաբաթ շարունակ հրահանգներ են ստացել:

Երկու մասնակից, որոնց հիվանդությունը առաջադիմել էր մինչև հետազոտության մեկնարկը, զգալի բարելավում են դրսևորել  հիվանդության առաջխաղացման հետագծում: Բացի այդ, հետազոտության մեջ ընդգրկվելուց մեկ տարի անց ոչ մի մասնակցի մոտ բազմակի միելոմա չի զարգացել:

Միելոմայի մասնագետ և NUTRIVENTION հետազոտության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ուրվի Շահն այս արդյունքները ներկայացրել է Արյունաբանության ամերիկյան ընկերության (ASH) Սան Դիեգոյում կայացած ամենամյա հանդիպմանը:

«Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս ճիշտ, մասնավորապես՝ բուսական  բջջանյութով հարուստ սննդակարգով սնվելու ուժը և օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչպես է դա հանգեցնում միկրոբիոմի և նյութափոխանակության բարելավմանը՝ ամրապնդելով իմունային համակարգը,- ասել է Շահը:- Այս արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ մենք՝ բժիշկներս, կարող ենք հիվանդներին, հատկապես նախաքաղցկեղային վիճակում գտնվողներին, գիտելիքներ տրամադրել այն մասին, թե ինչպես սննդակարգի փոփոխության միջոցով նվազեցնել քաղցկեղի զարգացման վտանգը»:

Բազմակի միելոման արյան քաղցկեղի երկրորդ ամենատարածված տեսակն է, որը սովորաբար առաջանում է նախորդող վիճակների արդյունքում:

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել բազմակի միելոմայի զարգացման մեծ հավանականություն անորակ սննդակարգով և բուսական մթերքի սահմանափակ ընդունմամբ մարդկանց մոտ: Բացի այդ, այս վիճակով և մարմնի զանգվածի բարձր ինդեքսով (BMI)  մարդկանց մոտ երկու անգամ ավելի հավանական է բազմակի  միելոմայի զարգացումը, քան նույն վիճակով, բայց  նորմալ BMI ունեցող մարդկանց մոտ: