Եթե բոլոր ամերիկացիներն ավելի ակտիվ լինեին, կկարողանային իրենց կյանքի տեւողությունն ավելացնել միջինը 5 տարով։ Այսպիսի եզրահանգման են եկել նոր հետազոտության հեղինակները։
Լավ հայտնի է, որ մշտապես սպորտով զբաղվող մարդիկ ավելի քիչ են ենթակա սրտի հիվանդություններ, դիաբետ, տկարամտություն եւ բազմաթիվ այլ առողջական խնդիրներ ունենալուն։
Բայց նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է British Journal of Sports Medicine ամսագրում, ընդգծում է ֆիզիկական ակտիվության դերը մեր երկարակեցության հարցում։
Հետազոտության շրջանակում գիտնականները չափահաս ամերիկացիներին (40 եւ ավելի բարձր տարիքի) բաժանել են չորս խմբի՝ կախված ֆիզիկական ակտիվության մակարդակից 2003-2006թթ., իսկ հետո հետեւել են նրանց առողջական վիճակին մի քանի տարի, գրել է Euronews-ը։
Այդ շրջանում առավել ակտիվ մարդիկ 73 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել մահվան՝ ցանկացած պատճառից, քան ոչ այնքան ակտիվները։
«Եթե կա ինչ-որ բան, որ կարելի է անել՝ մահվան վտանգը ավելի քան 2 անգամ նվազեցնելու համար, ապա դա ֆիզիկական ակտիվությունն է, որը հսկայական ուժ ունի»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Գրիֆիթի համալսարանի (Ավստրալիա) պրոֆեսոր Լեներթ Վեերմանը։
Ամենաակտիվները զբաղվել են սպորտով օրական երկու ժամ 40 րոպե։ Նրանց հասնելու համար ոչ այնքան ակտիվները պետք է իրենց ամենօրյա օրակարգին ավելացնեն մոտ 2 ժամվա քայլք։
Բայց եթե նրանք դա անեն, ապա կկարողանան միջինը 10,9 տարով ավելի երկար ապրել, վկայում են հաշվարկները։ Ամենաակտիվների համար դա նշանակում է լրացուցիչ 6,3 ժամվա կյանք քայլքի յուրաքանչյուր ժամի դիմաց։
Հատկանշական է, որ մեկժամյա զբոսանքը կունենա մեծ նշանակություն ամենաակտիվների համար, ասում է Վեերմանը։
Ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացումը թույլ կտար ավելացնել կյանքի միջին տեւողությունն ԱՄՆ-ում մինչեւ 83,7 տարի 2017թ. 78,6-ի համեմատ։
Հետազոտողների խոսքով՝ ստացված արդյունքներն ընդգծում են ֆիզիկական վարժությունների կարեւորությունը առողջության համար։
Եթե քաղաքներն ավելի հարմար կառուցվեն զբոսանքների եւ հեծանվով երթեւեկելու համար, «մենք կկարողանանք ոչ միայն ավելացնել կյանքի տեւողությունը, այլեւ նվազեցնել առողջապահության համակարգի եւ շրջակա միջավայրի բեռնվածությունը»,- համոզված է Վեերմանը։






