Ապացուցված է, որ միջակայքային քաղցելն օգտակար է մետաբոլիկ առողջության համար, բայց նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն կարող է դանդաղեցնել մազերի աճը, համենայն դեպս՝ մկների մոտ։

Գիտնականները Cell ամսագրում հրապարակված հոդվածում նշել են, որ պարբերական քաղցի ենթարկվող մկների մոտ բարելավվել է մետաբոլիկ առողջությունը, բայց դանդաղել է մազերի աճը այն մկների համեմատ, որոնք սննդի շուրջօրյա հասանելիություն են ունեցել։

Կլինիկական հետազոտության համաձայն, որն իրականացրել է գիտնականների թիմը,  նման պրոցես կարող է տեղի ունենալ նաեւ մարդկանց մոտ, բայց, ամենայն հավանականությամբ, այն այդքան էլ ծանր չի լինի, քանի որ մարդկանց մոտ շատ ավելի դանդաղ է նյութափոխանակությունը եւ այլ է մազերի աճի բնույթը մկների համեմատ։

Նախորդ հետազոտութունները ցույց են տվել, որ քաղցելը կարող է բարձրացնել արյան, աղիների եւ մկանային հյուսվածքի ցողունային բջիջների կայունությունը սթրեսի հանդեպ։

Գիտնականները ենթադրել են, որ քաղցելը նաեւ կարող է օգտակար լինել մաշկի հյուսվածքների վերարտադրման համար, գործընթաց, որի դեպքում ծեր եւ վնասված բջիջները փոխարինվում են։ Սա ստուգելու համար գիտնականները հետազոտել են մկների մազերի աճը, որոնց սափրել են, իսկ հետո ենթարկել միջակայքային քաղցելու տարբեր ռեժիմների։ Որոշ մկների կերակրել են ըստ ժամանակացույցի, սահմանափակ ժամանակով (TRF), որը ներառել է սննդի ութժամյա հասանելիություն եւ 16-ժամյա քաղց ամեն օր, իսկ այլ մկների կերակրել են հերթագայությամբ (ADF)։

Նրանք զարմացել են՝ հայտնաբերելով, որ քաղցելը դանդաղեցնում է մազերի վերարտադրությունը։ Վերահսկիչ խմբի մկների մոտ, որոնք սննդի անսահմանափակ հասանելիություն են ունեցել, մազերի մեծ մասը աճել է 30 օր հետո, այն մկների մոտ, որոնք պարբերաբար քաղցել են, մազերն աճել են միայն մասամբ, 96 օր հետո։

Գիտնականների թիմը ցույց է տվել, որ մազերի աճի դանդաղումը տեղի է ունենում այն պատճառով, որ մազի ֆոլիկուլների ցողունային բջիջները (HFSC) ի վիճակի չեն հաղթահարել թթվային սթրեսը՝ կապված գլյուկոզան ճարպի վերածելու հետ։ HFSC-ն անցնում է ակտիվության եւ հանգստի փուլեր, եւ մազերի աճի վերականգնումը կախված է այն բանից, թե արդյոք այդ բջիջներն ակտիվ են դառնում։