Շվեյցարական արևադարձային և հանրային առողջության ինստիտուտը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ գործընկերների համագործակցությամբ Շագասի հիվանդության համապարփակ ուսումնասիրություն է իրականացրել Շվեյցարիայում:
Չնայած Շագասի հիվանդությունը, սովորաբար, հանդիպում է Լատինական Ամերիկայում, սակայն Շվեյցարիայում դրանով 2000-ից 4000 մարդ է տառապում: Swiss Medical Weekly-ում հրապարակված հոդվածում ընդգծվում է Շվեյցարիայում Շագասի հիվանդությունը վերացնելու համար զննման և առողջապահական ռազմավարությունների բարելավման անհրաժեշտությունը:
Trypanosoma cruzi մակաբույծից առաջացող Շագաս հիվանդությամբ 7-ից 8 միլիոն մարդ է տառապում ամբողջ աշխարհում, հիմնականում Լատինական Ամերիկայում:
Մակաբույծը կարող է փոխանցվել տրիատոմային լվերի միջոցով սննդի, արյան փոխներարկման և օրգանների դոնորության միջոցով, ինչպես նաև մորից երեխային՝ հղիության և ծննդաբերության ժամանակ:
Շագասի հիվանդությունն ընթանում է երկու փուլով. սուր փուլում առաջին 2 ամսվա ընթացքում ախտանիշները թեթև են կամ բացակայում են, թեև ոմանց մոտ կարող է տենդ, գլխացավ կամ խայթոցի տեղում այտուց նկատվել:
Տասնամյակներ անց՝ քրոնիկական փուլում, վարակված մարդկանց մեկ երրորդի մոտ առաջանում են սրտանոթային, մարսողական և/կամ նյարդաբանական խնդիրներ։ Բարձիթողի արված դեպքերը կարող են հանգեցնել սրտի այնպիսի բարդությունների, ինչպիսիք են առիթմիաները և հանկարծակի մահը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Շագասի հիվանդությունը դասակարգել է մոռացված արևադարձային հիվանդությունների շարքը:
Միայն Շվեյցարիայում 2000-ից 4000 մարդ տուժել է այս հիվանդությունից: Հոդվածը լույս է սփռում Շագասի հիվանդության տարածվածության, դրա հարուցած խնդիրների և բուժման մեթոդների վրա:
Հետազոտության ընթացքում հաստատվել է, որ թեև հիվանդության դեպքերի մեծ մասը կապված է միգրացիայի հետ, սակայն Շագասի հիվանդությունը կարող է փոխանցվել մորից երեխային հղիության և ծննդաբերության ընթացքում:
Փոխադրողը՝ տրիատոմային լուն, Եվրոպայում չկա։
«Շագասի հիվանդության հիմնական խնդիրն այն է, որ այն հաճախ պատշաճ կերպով չի ախտորոշվում, հատկապես ոչ էնդեմիկ շրջաններում, - ասում է հետազոտության համահեղինակ Պաբլո Մարտինես դե Սալազարը:- Իրոք, շատ դեպքեր երկար տարիներ մնում են չախտորոշված կամ չբացահայտված, ինչը առանց բուժման կարող է հանգեցնել լուրջ սրտային կամ մարսողական բարդությունների»:
Հիվանդության այս թերագնահատմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են բժշկական աշխատողների սահմանափակ տեղեկացվածությունը, համազգային սքրինինգային ծրագրերի բացակայությունը և առողջապահական խնամքի հասանելիության խոչընդոտները, հատկապես փաստաթղթեր չունեցող միգրանտների համար:






