Գիտնականները պարզել են, որ ալկոհոլը խախտում է ուղեղի հարմարվելու ունակությունը՝ փոխելով խոլիներգիկ ինտերնեյրոնների (CIN) ակտիվությունը։ Այդ նեյրոնները, որոնք արտադրում են ացետիլխոլին (կարեւոր նեյրոմեդիատոր), առանցքային դեր են խաղում գլխուղեղի ստրիատումում՝ ազդելով ուսուցման եւ մոտիվացիայի վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances (SciAdv) ամսագրում։
Օգտագործելով զարգացող տեխնոլոգիաները, ներառյալ օպտոգենետիկան, որը թույլ է տալիս բջջային ակտիվությունը կառավարել լույսով, եւ մանրաթելային ֆոտոմետրիան՝ ացետիլխոլինի արտազատման իրական ժամանակում վերահսկելու համար, գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են CIN գործունեության տարբեր փուլերն ազդում վարքի վրա: Պարզվել է, որ սովորաբար CIN նեյրոնները գործում են «պայթյուն-դադար» սկզբունքով. ակտիվության արագ պոռթկումն ուղեկցվում է դադարով, որն անհրաժեշտ է հարմարվելու եւ նոր վարքագիծ սովորելու համար։
Սակայն ալկոհոլի քրոնիկական ազդեցությանը ենթարկված կենդանիների մոտ այս օրինաչափությունը խաթարված է. դադարները դառնում են ավելի կարճ եւ ավելի քիչ արտահայտված, ինչը բարդացնում է կարեւոր մտավոր գործընթացները, ինչպիսին են հակադարձ ուսուցումը, վարքի հին ձեւերը նորերով փոխարինելու ունակությունը:
Այս արդյունքներն ընդգծում են, թե ինչպես ալկոհոլը կարող է խաթարել հիմնական նյարդակենսաբանական մեխանիզմները, որոնք էական են հարմարվելու եւ սովորելու համար:






