Թավրիզի բժշկական գիտությունների համալսարանի իրանցի գիտնականները կապ են հայտնաբերել ձիթապտղի յուղի ու մայոնեզի օգտագործման և Պարկինսոնի հիվանդության միջև: Հետազոտությունը հրապարակվել է Nutrition Neuroscience (NutNeuro) գիտական ​​հանդեսում:

Պարկինսոնի հիվանդությունը խրոնիկական և սաստկացող նյարդաբանական խանգարում է, որն առաջանում է դոֆամին արտադրող նեյրոնների կորստից։ Հիվանդությունը դրսևորվում է ցնցումների, մկանների (շարժումների) կաշկանդվածության, շարժման դանդաղեցվածության և հավասարակշռությանն առնչվող դժվարությունների տեսքով։ Այն ներառում է այլ ախտանիշներ, մասնավորապես՝ դեպրեսիա, քնի խանգարումներ, փորկապություն և ճանաչողական ունակությունների փոփոխություններ:

Հետազոտությանը մասնակցել են Պարկինսոնի հիվանդությունից տառապող 120 հիվանդ և 40-80 տարեկան 50 առողջ մարդիկ: Մասնակիցները լրացրել են 147 կետից բաղկացած սննդի ընդունման հաճախականության հարցաթերթիկ, որը հետազոտողներին հնարավորություն ընձեռեց գնահատել նրանց սննդակարգում տարբեր տեսակի յուղերի օգտագործումը:

Արդյունքները ցույց են տվել, որ Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդները օգտագործում էին ավելի քիչ հիդրոգենացված բուսական յուղեր, բայց ավելի շատ ոչ հիդրոգենացված բուսական յուղեր, ձիթապտղի յուղ և մայոնեզ:

Գիտնականները բացահայտել են, որ Պարկինսոնի հիվանդության առավել ծանր ախտանիշներով հիվանդներն ավելի շատ կենդանական յուղեր և կարագ են օգտագործում:

Սակայն ձիթապտղի յուղի, մայոնեզի և հիդրոգենացված կամ ոչ հիդրոգենացված յուղերի օգտագործումն ընդհանուր առմամբ Պարկինսոնի հիվանդության ախտանիշների ծանրությանը չի առնչվում: