Նիդեռլանդների գիտնականները հայտնաբերել են, որ աղիքային միկրոֆլորայի բաղադրությունն անմիջականորեն առնչվում է հոգեկան առողջության համար պատասխանատու համակարգերի աշխատանքի հետ։ Աշխատանքը հրապարակվել է Brain, Behavior, and Immunity (BBI) բժշկագիտական հանդեսում:
Հետազոտությանը մասնակցել է 369 մարդ, որոնցից 272-ը ունեցել են տարբեր հոգեբուժական ախտորոշումներ, մասնավորապես՝ դեպրեսիա, տագնապային խանգարումներ, աուտիզմ, ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարում (ADHD) կամ կախվածություն: Գիտնականները համեմատել են մասնակիցների միկրոբիոտայի վերլուծությունները հոգեբանական թեստերի արդյունքների հետ և պարզել, որ մանրէների բազմազանությունը կապված է ուղեղի ավելի լավ աշխատանքի և ավելի առողջ հոգեկան կառուցվածքի հետ:
Միաժամանակ պարզվել է, որ որոշ միկրոօրգանիզմներ կապված են որոշակի ցուցանիշների վատթարացման հետ։ Օրինակ, Sellimonas բակտերիաները կապված էին անհանգստության ավելի ծանր ախտանիշների հետ, իսկ Flavonifractor-ը կապված էր ճանաչողական ունակությունների խանգարումների հետ: Ընդհակառակը, որոշ բակտերիաների ցածր մակարդակը նպաստել է վիճակի բարելավմանը: Օրինակ, Clostridium sensu stricto 1-ի առկայությունը փոխկապակցված է բացասական արժեքականության (վալենտականության) ավելի բարձր ցուցանիշների հետ, այսինքն՝ որքան անհրապույր են մարդուն թվում վտանգ ներկայացնող առարկաները, իրադարձությունները կամ իրավիճակները:
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները վկայում են հոգեկան խանգարումների ախտորոշման մեջ միկրոբիոտայի վերլուծությունը ներառելու անհրաժեշտության մասին։ Ուղեղի, գեների, իմունային համակարգի և միկրոբիոտայի վերաբերյալ տվյալները համակցող ինտեգրված մոտեցումը կարող է բուժման նոր հորիզոններ բացել:
Սակայն թեև աշխատանքը կարևոր ներդրում է միկրոբիոմի և հոգեկան առողջության միջև փոխհարաբերությունների ըմբռնման գործում, գիտնականները զգուշացնում են, որ բացահայտումներն ընդհանուր բնույթ ունեն: Միկրոբիոտայի փոփոխությունները կարող են պայմանավորված լինել սննդային գործոններով, և դրանց ազդեցությունը հոգեկան կառուցվածքի վրա հետագա ուսումնասիրություն է պահանջում:






